Մատչելիության հղումներ

Լաչինի փակման իրական պատճառն այն է, որ Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում. Փաշինյան


Լաչինի միջանցքի փակման իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, այսօր՝ ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման 25-րդ օրը, հայտարարեց Հայաստանի վարչապետը։

«Եվ միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երևանը կրկին հայտարարում է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել: Նման հայտարարությունների ֆոնին, սակայն, վերջին երեք շաբաթվա ընթացքում այս ուղղությամբ տեսանելի քայլեր չկան։ Հայտնի չէ, թե Հայաստանի կառավարությունը միջազգային ինչ խումբ է ցանկանում տեսնել Արցախում, և արդյո՞ք որևէ գործընկեր պատրաստ է գնալ լեռնային Ղարաբաղ։

«Պետք է ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ», - հավելեց Փաշինյանը:

Ինչպես կառավարության նախորդ նիստին, այս անգամ էլ վարչապետը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միևնույն ժամանակ կրկին ընդգծեց, որ միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի ուղիղ պարտավորությունն է՝ ըստ այդ նույն համաձայնության. - «Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:

Երևանը Մոսկվայից ունեցած իր ակնկալիքների մասին հայտարարել էր նաև կառավարության նախորդ նիստին։ Փաշինյանը Պուտինի հետ ունեցած հանդիպումից օրեր անց հարց էր բարձրացրել, թե ո՞րն է այս իրադրության Ռուսաստանի գնահատականն ու Լաչինի միջանցքը վերականգնելու պլանն ու ճանապարհային քարտեզը։ Արդյո՞ք Երևանը Մոսկվայից ստացել է այս հարցերի պատասխանները, «Ազատությունը» հետաքրքրվել է Արտգործնախարարությունից, պատասխան առայժմ չկա։

Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից տեսանելի քայլեր են ակնկալում նաև Արցախում

Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահը կոչ է արել Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը, ըստ Արթուր Թովմասյանի, թույլ կտա գոնե ձմռանը կանխել Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը։

Հայաստանի արտգործնախարարը, այսօր ընդունելով Ֆրանսիայի դեսպանին, կրկին կարևորել է միջազգային հանրության կողմից շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Ե'վ Ստեփանակերտը, և' Երևանը քայլեր են ակնկալում միջազգային հանրությունից։ Սակայն կա՞ արդյոք իրական հնարավորություն Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ կամ փաստահավաք առաքելություն ուղարկելու։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ տեսականորեն դա չի բացառվում. - «Իրականում, երբ 1992 թվականին ստեղծվում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրան նախորդել էր հենց փաստահավաք խմբի ուղարկում հակամարտության գոտի։ Այսինքն՝ տեսականորեն այդ ամենը հնարավոր է, բայց գործնականում, կարծում եմ, անհնար է։ Եվ վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինքն էլ բավականին լավ հասկանում է, որ գործնականում դժվար է լինելու հասնել այդ հայտարարության իրականացմանը»։

Առանց Ադրբեջանի համաձայնության գրեթե անհնար է Լաչինի միջանցք որևէ առաքելություն ուղարկել, ասում է Գրիգորյանը։ Բաքուն շարունակում է հայտարարել, որ Ղարաբաղի հայերի հարցն իր ներքին խնդիրն է, և ցանկացած միջազգային խմբի Արցախ գնալը կհակասի Ադբեջանի այս հայտարություններին ու կապացուցի, որ դա ներքին խնդիր չէ ու հակամարտությունը դեռ չի լուծվել, կարծում է Գրիգորյանը. - «Երկրորդ խնդիրը այն է, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում գտնվում է գետնի վրա և դժվար թե համաձայն լինի որևէ հավելյալ ուժերի կամ այլ ուժերի մուտք գործելուն Լեռնային Ղարաբաղ։ Եվ երրորդն էլ այն է, ինչը Հայաստանում իհարկե այնքան էլ ընդունված չէ քննարկել կամ արձանագրել, բայց դա փաստ է մարդկանց համար, որոնք զբաղվում են հարցով, որ ցանկացողների ցանկը առանձնակի մեծ չէ, կամ կարելի ասել, որ նույնիսկ գոյություն չունի նման ցանկ՝ երկրների ցանկ կամ կազմակերպությունների ցանկ, ովքեր պատրաստ են Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելություն ուղարկել»։

Արցախում օր-օրի ահագնացող հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ են արել արտգործնախարարությանը դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին։ Արդյո՞ք ԱԳՆ-ն այս ուղղությամբ որևէ գործողություն արել է։ ԱԳՆ-ից ասում են, թե «մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար», սակայն չեն հստակեցրել, թե ի վերջո կոնկրետ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին դիմել են թե ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG