Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։
Արարատ Միրզոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։
Իսկ թե ինչու հայկական կողմը հետաձգեց հանդիպումը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:
«Ազատություն»․ - Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Միրզոյան․ - Ես էլ զարմանքն եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը փոխանցել են թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր Ռուսաստանի արտգործնախարարությունն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել Հայաստանի արտգործնախարարությունը
«Ազատություն»․ - Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։
Միրզոյան․ - Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։
«Ազատություն»․ - Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։
Միրզոյան․ - Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:
Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։