Մատչելիության հղումներ

Փակելով միջանցքը Բաքուն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները․Արցախի ԱԽ-ն ընդլայնված նիստ է անցկացրել


Արցախի անվտանգության խորհուրդն այսօր ընդլայնված նիստ է անցկացրել, քննարկել Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Ըստ ԱԽ հայտարարության՝ ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:

Անվտանգության խորհուրդը համապատասխան նամակով կդիմի Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Արդեն 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Ադրբեջանցի ցուցարարները պահանջում են հանդիպում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG