Մատչելիության հղումներ

«Ուկրաինան պատերազմում կորցրել է 10-13 հազար զինծառայող». Միխայիլ Պոդոլյակ


Ուկրաինական բանակն արդեն 9 ամիս շարունակվող պատերազմում ավելի քան 10 հազար զինվոր է կորցրել, այսօր հայտարարել է երկրի նախագահի գլխավոր խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Վերջին անգամ Կիևը սեփական կորուստների մասին խոսել էր անցած օգոստոսին:

«Ունենք Գլխավոր շտաբի պաշտոնական գնահատականները։ Դրանք են՝ 10-ից 12,5-13 հազար.... մենք ավելի շատ կորուստներ ունենք վիրավորների պատճառով», - նշել է Պոդոլյակը:

Կորուստների մասին այս թվերը Կիևը հրապարակեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ նախօրեի աղմկահարույց հայտարարությունից հետո։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան պնդել էր, թե ուկրաինական կողմում զոհերի թիվը հասնում է 100 հազարի, ավելի ուշ, սակայն, նրա գրասենյակը հերքել էր այդ հայտարարությունը ու պնդել, թե խոսքն ընդհանուր կորուստների մասին է՝ մահացածների և վիրավորների։

Ի դեպ, նմանատիպ ցուցանիշ էր հրապարակել նաև Ամերիկայի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլեյը։ Ամերիկացի գեներալն անցած ամիս ասել էր, թե ռուսական բանակում մոտ 100 հազար զինվոր է մահացել կամ վիրավորվել, հավելելով՝ թերևս նմանատիպ պատկեր է նաև ուկրաինական կողմում։

Կատաղի մարտեր են Ուկրաինայի թե՛ հարավում, թե՛ արևելքում

Ու չնայած երկու կողմում էլ օր-օրի ավելացող կորուստներին՝ ռուսական ագրեսիան հարևան երկրի դեմ չի դադարում։ Այս օրերին կատաղի մարտեր են Ուկրաինայի թե՛ հարավում, թե՛ արևելքում։ Հարավում ռուսական բանակը նահանջում է։ Համենայնդեպս՝ Խերսոնի մարզում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, ռուսական զորքերը լքել են Օլեշկին, իսկ Զապորոժիեի շրջանում՝ ռուսական զորքերը դուրս են բերվում Պոլոգիից, Միխայլովկայից և Ինժեներնիից։

Կրեմլին մոտ կանգնած «Մեդուզայի» աղբյուրն էլ պնդում է, որ Ռուսաստանը չի ծրագրում ամբողջությամբ լքել Զապորոժիեի շրջանը, սակայն մոսկվան պատրաստ է դուրս գալ Զապորոժիեի ատոմակայանից, որը ռուսական զորքերը վերահսկողության տակ էին վերցրել լայնամասշտաբ պատերազմի սկզբում:

Կրեմլին և Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած «Մեդուզայի» աղբյուրների համաձայն՝ ատոմակայանից զորքերը դուրս բերելու դիմաց ՌԴ իշխանությունները, իբր, ակնկալում են երաշխիքներ ստանալ Ուկրաինայի տարածքով նավթի և գազի անխափան տարածման համար:

Առաջխաղացման մասին ուկրաինական կողմը շատ զգուշավոր է հայտարարում, ի տարբերություն ռուսական կողմի, որը վերջին օրերին գրեթե ամեն օր խոսում է Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը շրջափակելու և գրեթե գրավելու մասին։ Կիևը այդ լուրերը չի հաստատում: Ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը «Ազատության» Настоящее Время ծրագրի եթերում ասում է, թե իրավիճակը Բախմուտի մոտ շատ լուրջ է, սակայն ուկրաինացիները բավականին ուժեր ունեն ռուսական ուժերին կանգնեցնելու համար։

«Խնդիրները շատ լուրջ են։ Մի թերագնահատեք թշնամուն, նա շատ լրջորեն սկսեց առաջխաղացումը Բախմուտի ուղղությամբ հարավից։ Սակայն հակառակորդը մեծ կորուստներ է կրում: Մենք ունենք բոլոր հնարավորություններն ու շահեկան դիրքեր՝ ռուսներին կանգնեցնելու և իրավիճակը վերականգնելու համար», - ասել է Բուտուսովը։

Միաժամանակ ռուսական կողմը շարունակում է ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները, այս գիշեր, մասնավորապես, ռմբակոծվել են Խերսոնի, Զապորոժիեի, Խարկովի, Նիկոլաևի մարզերը։ Չափազանց բարդ է մնում իրավիճակը մայրաքաղաք Կիևում, որտեղ ռուսական հրթիռակոծություններից հետո շարքից դուրս է եկել էներգահամակարգի օբյեկտների մեծ մասը։ Քաղաքի երեքուկես միլիոն բնակիչների մեծ մասն էլ ձմռանը մնացել է առանց լույսի, ջեռուցման և ջրի: Ընդորում՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստովանել է, թե քաղաքի բնակիչները կարող են մնալ առանց ջեռուցման մինչև գարուն՝ նոր գնդակոծության դեպքում։

Մոսկվան էլ գրեթե ամեն օր հայտարարում է, թե այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիան» շարունակվում է, քանի դեռ Կիևը պնդում է, որ բանակցությունները կվերսկսվեն միայն Ուկրաինայից ռուսական ուժերի դուրսբերումից հետո։

«Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե պայմանը Ուկրաինայից դուրս գալն է, սակայն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը եղել է, շարունակում է մնալ և, ընդհանուր առմամբ, բաց է շփումների համար», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ բանակցությունները հնարավոր են «միայն այն բանից հետո, երբ Պուտինը հեռանա Ուկրաինայից»։ Լրագրողի ճշտող հարցին, թե Կրեմլը պատրաստ չէ՞ դրան, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե պատրաստ չէ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։

Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը այսօր Պուտինի հետ քննարկել է Գերմանիայի կանցլերը, նրանք չեն խոսել սեպտեմբերից ի վեր: Կանցլերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցը տևել է մեկ ժամ: Հաղորդագրության համաձայն, Շոլցը դատապարտել է ռուսական ավիահարվածները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և կոչ արել Ռուսաստանի նախագահին որքան հնարավոր է շուտ հասնել դիվանագիտական լուծման և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG