Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի ստորին պալատը՝ Բունդեսթագը, 1932-33 թվականների զանգվածային սովամահությունը՝ Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն:
Բանաձևին աջակցել են իշխող երեք կուսակցությունները և քրիստոնյա դեմոկրատները: Տարբեր հարցերում հաճախ ռուսամետ դիրքորոշում դրսևորող Ձախերը և «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը ձեռնպահ են մնացել: Դեմ ձայն չի եղել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել գերմանացիներին և հայտարարել, որ «ճշմարտությունը միշտ հաղթում է»:
Զանգվածային սովամահության՝ Հոլոդոմորի հետևանքով Ուկրաինայում անցյալ դարի 1930-ականների սկզբին զոհվել է առնվազն 5 միլիոն մարդ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդային իշխանության պահանջով Ուկրաինայում գյուղացիներից առգրավել են գրեթե ամբողջ պարենը՝ հացահատիկը, սերմացուն և անասուններին:
Մեծ թվով պատմաբանների համոզմամբ՝ դա միտումնավոր արվել է Ուկրաինայում զանգվածային սով առաջացնելու և այդ միջոցով ազգայնական ուկրաինացիներին ու կոլխոզների գաղափարին ընդդիմացող գյուղացիներին պատժելու նպատակով:
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, 2006 թվականին է Հոլոդոմորը ցեղասպանություն ճանաչել:
Ռուսաստանը կտրականապես մերժում է Հոլոդոմորի միտումնավոր կազմակերպումը, պնդելով, որ այդ ժամանակաշրջանում անբերունակ տարիների և անբարենպաստ այլ հանգամանքների հետևանքով մեծ թվով մարդիկ սովամահ են եղել նաև Ռուսաստանում: