Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը «շատ, շատ մոտ է» ռուսական նավթի առավելագույն գնի շուրջ համաձայնությանը


Ռուսական նավթի առավելագույն գինը պետք է սահմանվի դեկտեմբերի 5-ից, սակայն աշխարհի առաջատար երկրները դեռ համաձայնության չեն եկել դրա շուրջ։

Այնուամենայնիվ, Reuters-ը, հղում անելով առաջատար երկրների «կոալիցիայի բարձրաստիճան աղբյուրին», հայտնում է, որ Մեծ յոթնյակը «շատ, շատ մոտ է» համաձայնությանը։

Աղբյուրի համաձայն՝ առավելագույն գին կսահմանվի 60 դոլար մեկ բարելի դիմաց: Reuters-ի զրուցակիցը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի առաջիկա օրերին՝ ոչ ուշ, քան դեկտեմբերի 5-ը։

Ավելի ուշ գործակալությունը հայտնել է, որ իր թղթակիցները ծանոթացել են փաստաթղթի նախագծին, որում արձանագրված է նույն գինը։

Եթե առաջատար երկրները մինչև հիշյալ ժամկետը չհամաձայնեն առավելագույն գնի շուրջ, ապա ռուսական նավթի մատակարարումները սպասարկող ընկերություններին ուղղակի կարգելվի աշխատել դրա հետ։ Նման բեռնափոխադրումների ճնշող մեծամասնությունն ապահովագրվում է բրիտանական ընկերությունների կողմից, մինչդեռ տանկերները պատկանում են Եվրամիության անդամ Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ընկերություններին: Ռուսական մատակարարումների դադարեցումը հղի է նավթի համաշխարհային գների կտրուկ աճով։

Նավթի գնի առավելագույն շեմ սահմանելը նախկինում չփորձարկված սխեմա է՝ նախատեսված Ռուսաստանի բյուջեի եկամուտները կրճատելու համար, որոնցով ֆինանսավորվում են Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները: Առավել սուր տարաձայնություններ են առաջացել Եվրամիության երկրների միջև:

XS
SM
MD
LG