Մատչելիության հղումներ

Մակրոնը պետական այցով ԱՄՆ-ում է, Բայդենի հետ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինան է


ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Սպիտակ տանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Վաշինգտոն,30-ը նոյեմբերի, 2022թ.
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Սպիտակ տանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Վաշինգտոն,30-ը նոյեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանյուել Մակրոնի՝ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում ասված է, որ երկու առաջնորդները հաստատում են իրենց վճռականությունը՝ միջազգային մեխանիզմների օգնությամբ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին լայնորեն փաստագրված վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար, որոնք Ուկրաինայում կատարվել են ռուսական կանոնավոր զինված ուժերի և նրանց աջակիցների կողմից՝ ներառյալ վարձկանները:

Երկու առաջնորդների բանակցությունների հիմնական թեման եղել է Ուկրաինան: Գրավոր հայտարարությունում, ինչպես նաև մամուլի համատեղ ասուլիսում Բայդենը և Մակրոնը հայտարարել են, որ գործընկերների հետ կշարունակեն աջակցել Ուկրաինային որքան անհրաժեշտ լինի:

«Այսօր մենք հաստատում ենք, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ գործընկերների հետ միասին, ուժեղ են ինչպես երբեք՝ դիմակայելու Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ», - հայտարարել է Բայդենը:

«Պուտինը կարծում է, թե կարող է կոտրել բոլոր նրանց կամքը, ովքեր հանդես են գալիս իր կայսերական ամբիցիաների դեմ: Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, գները բարձրացնելու նպատակով Եվրոպա էներգամատակարարման դադարեցումը, պարենային ճգնաժամի սրացումը վնաս են հասցնում խոցելի մարդկանց ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվի», - ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը և Մակրոնը մամուլի ասուլիսում անդրադարձել են նաև որևէ երկխոսության կամ բանակցությունների հնարավորության հարցին:

ԱՄՆ նախագահն ասել է, թե մտադիր չէ մոտ ապագայում կապ ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, բայց պատրաստ է խոսել նրա հետ, եթե Պուտինը հետաքրքրություն ցուցաբերի պատերազմը դադարեցնելու ճանապարհ փնտրելու համար: «Նա դեռևս դա չի արել», - նշել է Բայդենը` հավելելով, որ եթե դա տեղի ունենա, ապա խորհրդակցելով Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի ընկերների հետ, ուրախ կլինի՝ նստելու Պուտինի հետ, տեսնելու, թե ինչ է նրա մտքինը:

Մակրոնն ասել է, որ Ուկրաինային երբեք կոչ չեն անի՝ գնալու այնպիսի զիջումների, որոնք անընդունելի են Կիևի համար: «Որովհետև դա երբեք կայուն խաղաղություն չի կառուցի, եթե մենք կայուն խաղաղություն ենք ցանկանում: Պետք է հարգենք ուկրաինացիներին, որպեսզի նրանք որոշեն, թե երբ և ինչ պայմաններով բանակցեն իրենց տարածքների և իրենց ապագայի մասին», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Էմանյուել Մակրոնը պետական այցով Միացյալ Նահանգներում է: Այցի ընթացքում նշվում է նաև երկու երկրների հարաբերությունների ավելի քան 200-ամյակը:

XS
SM
MD
LG