Մատչելիության հղումներ

Պոդոլյակ. «Ուկրաինան պատերազմում կորցրել է 10-13 հազար զինծառայող»


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակ, արխիվ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակ, արխիվ

2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած Ռուսաստանի հարձակումից հետո Ուկրաինան կորցրել է 10-ից 13 հազար զինծառայող: Այդ մասին երեկ հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:

Նոյեմբերի 30-ին նախագահի աշխատակազմի մեկ ուրիշ ներկայացուցիչ՝ Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ պատերազմում զոհվել է 10-ից 20 հազար ուկրաինացի զինծառայող:

Այս շաբաթվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր, որ ռուսների հարձակումից հետո Ուկրաինայում սպանվել է մոտ 20 հազար խաղաղ բնակիչ և մոտ 100 հազար զինծառայող, սակայն հետագայում նրա Թվիթերի էջում տեղադրված ելույթի այդ հատվածը հեռացվել է:

Ավելի վաղ Պենտագոնի վերլուծաբանները հայտնել են, որ Ուկրաինան և Ռուսաստանը պատերազմում կորցրել են 100-հազարական զինծառայող՝ զոհվածները և վիրավորները ներառյալ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ կորուստներին անդրադարձել է սեպտեմբերի 21-ին՝ հաղորդելով, որ «հատուկ ռազմական օպերացիայում» սպանվել է 5 հազար 937 ռուսաստանցի զինծառայող:

Արևմտյան փորձագետները նշում են, որ ընթացող պատերազմի պայմաններում դժվար է արժանահավատ համարել թե՛ մեկ և թե՛ մյուս կողմի հրապարակած տվյալները կորուստների մասին:

XS
SM
MD
LG