Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ալիևին մեղադրում է Սոչիի համաձայնությունը խախտելու մեջ


Եռակողմ բանակցությունները Սոչիում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.
Եռակողմ բանակցությունները Սոչիում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին մեղադրում է Սոչիի համաձայնությունը խախտելու համար:

«Իր վերջին ելույթում նախագահ Ալիևն աղաղակող ձևով խախտեց Սոչիի եռակողմ հայտարարությունում ամրագրված՝ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը: Որքան էլ տարօրինակ է՝ նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», - Թվիթերում գրում է Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին Շուշիում «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքները, պահանջները, ռազմատենչ հայտարարությունները հնչեցրեց, որոնց Հայաստանի վարչապետը հակադարձեց նաև երեկ կառավարության նիստի ժամանակ:

XS
SM
MD
LG