«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», - Շուշիում հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանը:
«Երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ չհստակեցնելով, թե երբ և ինչ փաստաթղթերով է պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հարցով պարտավորություն ստանձնել:
Ալիևն իր ելույթում նաև պնդել է, որ Հայաստանը պետք է իմանա՝ Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ: «Ինչպես կառուցվածքային բարեփոխումները, այնպես էլ նոր կազմավորումների ստեղծումը, միևնույն ժամանակ, առկա կազմավորումների թվի ավելացումը, դրանց զենք-զինամթերքով մատակարարումները, նոր տեխնիկական հագեցվածությունը իրականացվում են ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանական բանակն այժմ ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ էր, և դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանը և յուրաքանչյուր ոք», - վստահեցրել է Ադրբեջանի առաջնորդը:
Իլհամ Ալիևը նաև ասել է, թե Բաքուն ոչ ոքից չի վախենում՝ «եթե վախենար, երբեք Ղարաբաղյան երկրորդ պատերազմը չէր սկսի»։
«Թեև պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, այդուհանդերձ կան մտահոգիչ պահեր», - հայտարարել է Ալիևը՝ խոսքն ուղղելով «հայ ժողովրդին». - «Երեսուն տարվա օկուպացիայի դառնությունը հիմա նրանք տեսնում են՝ ինչ է օկուպացիան, ինչ է կորուստները։ Մենք նրանց ուղղակի պատասխանել ենք՝ կռվել ենք մեր հողի վրա, օկուպանտին քշել մեր հողերից։ Սա պետք է հասկանան, որպեսզի չդառնան այն շրջանակների զոհը, որոնք դրսում նստած՝ երկրորդ անգամ ուզում են այս տարածաշրջանին նայել որպես խաղադաշտ»։
Ալիևը հավելել է, թե Հայաստանը պետք է իմանա, որ «ներկայիս շրջանակներում» Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»: