Սպառնալիքներ, մեղադրանքներ, պահանջներ, դժգոհություններ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Ադրբեջանի նախագահի կողմից:
Իլհամ Ալիևը այսօր`44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ ելույթի մեծ մասը նվիրել է Հայաստանին՝ միայն այդ անվանումն արտաբերելով 36 անգամ։
Ինչպես անցած երկու տարիներին, այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը հաղթական միջոցառմանը ներկայացել էր զինվորական համազգեստով, ելույթ էր ունենում բռունցքը վեր պարզած՝ այն է՛լ ավելի սեղմում և ավելի վեր պարզում՝ հատկապես հարևան Հայաստանի մասին խոսելիս։
Ոչ միայն Հայաստանից, այլև ոչ ոքից չի վախենում Ադրբեջանը, հայտարարում էր Ալիևը և հավելում՝ «եթե վախեցող լինեին` 44-օրյա պատերազմը չէին սկսի», և «Հայաստանը պետք է իմանա ՝ Ադրբեջանի բանակը հիմա ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»։
«Ինչպես կառուցվածքային բարեփոխումները, այնպես էլ նոր կազմավորումների ստեղծումը, միևնույն ժամանակ, առկա կազմավորումների թվի ավելացումը, դրանց զենք-զինամթերքով մատակարարումները, նոր տեխնիկական հագեցվածությունը իրականացվում են ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանական բանակն այժմ ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ էր, և դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանը և յուրաքանչյուր ոք», - ասել է Իլհամ Ալիևը։
Թեև Բաքուն շարունակ հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, սակայն այսօր երկրի առաջնորդը պնդել է, թե շարունակում են հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Ալիևի խոսքով` ստիպված են, քանի որ նույնիսկ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանից վտանգ են տեսնում։
«Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում և Բաքուն պետք է պատրաստ լինի ետ մղելու թշնամական գործողությունները», - Ադրբեջանի նախագահը հաջորդ տարվա ռազմական ռեկորդային հատկացումները այսպես է բացատրել:
Մինչ Արևմուտքը դատապարտում է սեպտեմբերյան հարձակումն ու պահանջում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, Ալիևը հրապարակավ հպարտացել է, թե այժմ ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները գտնվում են Բաքվի վերահսկողության տակ, և որ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է դա նշանակում։
Ադրբեջանի առաջնորդը պարզաբանեց՝ դա նշանակում է, որ ռազմավարական այդ բարձունքների դիտակետում են Կապանը, Գորիսը, Սևանա լիճը, ինչպես նաև հայկական զինուժի դիրքերի մեծ մասը։
«Այդ իրողությունները Բաքուն ստեղծել է մի քանի պատճառով, այդ թվում՝ Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների չկատարման պատճառով», - պնդեց Ալիևը` կրկին բարձրացնելով «Զանգեզուրի միջանցքի» հարցը և կրկին այն կապելով Լաչինի միջանցքի հետ:
«Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։
Թե երբ և ինչ փաստաթղթերով է պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շուրջ պարտավորություն ստանձնել, Իլհամ Ալիևը չի հստակեցրել։ Պաշտոնական Երևանը հակադարձում է` 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված որևէ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ խոսք չկա։
Ադրբեջանի առաջնորդն իր ելույթում շարունակաբար պնդում էր՝ Հայաստանը պետք է դասեր քաղի վերջին երկու տարվա իրադարձություններից՝ 44-օրյա պատերազմից, Փառուխի դեպքերից, սեպտեմբերյան բախումներից. «Նրանք պետք է հասկանան՝ կրակի հետ խաղալը թանկ կնստի իրենց վրա»։
Հպանցիկ անդրադառնալով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, Ալիևն ընդգծել է՝ նրանք այնտեղ ժամանակավոր են տեղակայված, և եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս դնի, նոր ողբերգության կբախվի։ Ադրբեջանի ղեկավարն ակնարկել է՝ Երևանը թող հույսեր չկապի նաև Իրանի հետ, «որն ի պաշտպանություն Հայաստանի՝ զորավարժություններ է իրականացնում»։
«Չենք վախենում», - արձագանքել է Ալիևը՝ շեշտելով, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»:
Հերթական անգամ հայտարարելով, որ Ադրբեջանի համբերությունն անսահման չէ, Իլհամ Ալիևն այսօր կրկին պահանջ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին` դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից, հակառակ դեպքում սպառնացել՝ Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի։