Ուկրաինայի նախագահն այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին պարգևատրել է երկրի ամենաբարձր պարգևներից մեկով` Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանով։
Հանդիսավոր արարողությանը եվրոպացի դիվանագետը եկել էր հատուկ հանդերձանքով` Ուկրաինայի դրոշի կապույտ և դեղին գույներով:
«Սա իմ երրորդ այցն է ռուսական պատերազմի սկզբից ի վեր: Շատ բան է փոխվել: Ուկրաինան այժմ Եվրամիության անդամակցության թեկնածու է», - Twitter-ում գրել էր նա՝ հավելելով, որ Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկելու է Եվրոպայի և Ուկրաինայի տնտեսությունների և ժողովուրդների մերձեցման հարցը։
Մինչ Եվրահանձնաժողի ղեկավարը հանդիպումներ է անցկացնում Կիևում, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ ռմբակոծել ուկրաինական բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունի խոսքով, ռուսական ուժերն այս գիշեր հրթիռակոծել ու ռմբակոծել ավելի քան երեսուն բնակավայր. - «Հակառակորդը շարունակում է հարձակումները քաղաքացիական շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի նորմերը։ Ավիացիայի և հրթիռային համակարգերի հարվածները վնասել են ավելի քան 30 բնակավայր, այդ թվում՝ Կրիվոյ Ռոգը, Խարկովը, Կրամատորսկը, Վովչանսկը»։
Նախագահ Զելեսնկու ծննդավայր Կրիվոյ Ռոգ քաղաքը ռմբակոծել են և' գիշերը, և' այսօր ցերեկը։
Ուկրաինայի նախագահը սա թուլամորթություն է որակել և ռուս զինվորներին հանձնվելու կոչ արել. - «Նրանք հասկացան, որ Ուկրաինայում պարտվում են բոլոր ուղղություններով։ Ռուսաստանը դա ոչ մի տեռորով չի շտկելու, քանի որ ահաբեկչությունը միայն հաստատում է դրան դիմողի թուլությունը»։
Չնայած ռուսական կողմի ակտիվացած հրթիռակոծությանը, ուկրաինական բանակը շարունակումը հակահարձակողական գործողությունները ոչ միայն Խերսոնի մարզում, այլև ողջ ճակատով։ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը այսօր ՏԱՍՍ գործակալությանը ասել է, որ ուկրաինական ուժերն արդեն Լուգանսկի սահմաններում են։ Միաժամանակ, ինքնահռչակ հանրապետության ղեկավարը վստահեցրել է, որ «խուճապի հիմքեր չկան, հանրապետությունն ապրում է նորմալ ռեժիմով»։
Հակահարձակմանը զուգահհեռ Կիևը քննարկում է, թե ինչպես է ապահովելու երկրի անվտանգությունը պատերազմի ավարտից հետո:
Ուկրաինայի անվտանգության ապահովման միջազգային աշխատանքային խումբը, որը գլխավորում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ներկայացրել է առաջարկություններ, որոնց հիման վրա պետք է պայմանագիր կնքվի:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով, այդ պայմանագիրը ոչ միայն պետք է ապահովի Ուկրաինայի անվտանգությունը ընթացիկ պատերազմի ավարտից հետո, այլև «դառնա 21-րդ դարի առաջին նման միջազգային պայմանագիրը»։
Երաշխավոր երկրները (հիմնականում ՆԱՏՕ-ի անդամները) պետք է կամավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինային միանգամից մի քանի ոլորտներում։ Խոսքը պաշտպանական բյուջեին աջակցելու, քանդված ենթակառուցվածքները վերականգնելու, ռազմարդյունաբերական համալիրը նորովի վերակառուցելու մասին է։ Կիևը ակնկալում է նաև ֆինանսական օգնություն հետպատերազմյան շրջանում։
Սրա հետ մեկտեղ, Կիևը ընդգծում է, որ անվտանգության երաշխիքները ժամանակավոր միջոց են, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։