Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել է, որ քաղաքում վերականգնվել է ջրամատակարարումը, սկսել են աշխատել մետրոն և վերգետնյա տրանսպորտը, որոնց աշխատանքը դադարեցվել էր նախօրեին Խարկովի ՋԷԿ-ին ռուսական կողմի հասցրած հարվածների պատճառով։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ էին սկսվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՋԷԿ-երին և այլ կարևոր ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել են Խարկովի և Դոնեցկի շրջանները, մասամբ՝ Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջանները։
Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքները։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը երեկ երեկոյան ասել է, որ ռուսական հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին պատասխան են Ուկրաինայի կողմից արևելյան տարածքների ազատագրման։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պետք է պաշտպանի ռուսական հակահարձակումներից այն հսկայական տարածքը, իր խոսքով, մոտ 3 հազար քառ. կմ, որը վերջին օրերին հետ է վերցրել։