Այսօր Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը հայտնել է 30 բնակավայրերի ազատագրման մասին:
«Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին Ուկրաինայի տարածքից շուրջ հազար քառակուսի կիլոմետր ազատագրվել է զավթիչներից։ Որոշ ուղղություններում Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները թշնամու դիրքերում խորացել են ավելի քան 50 կիլոմետրով։ Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայրեր, որոնք ժամանակավորապես գրավվել էին Ռուսաստանի կողմից, ազատագրվել են կամ անցել են մեր վերահսկողության տակ», - հայտարարել է Շտուպունը։
Ուկրաինական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին այսօր հաջողվել է գրավել Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայր հանդիսացող Կուպյանսկ քաղաքը։ Ռուսական իշխանամետ տելեգրամ ալիքներում վերջին ժամերին հայտնված տեղեկությունների համաձայն էլ ռուսական ուժերը նահանջել են նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իզյում քաղաքից։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդել է ուկրաինական զինապահեստների և հրամանատարական կետերի ոչնչացման մասին:
«Վերջին 24 ժամերին Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում վեց զինապահեստ և յոթ հրամանատարական կետ են ոչնչացրել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ոչնչացված զինապահեստները գտնվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Նիկոլաևի մարզի Կալուգա գյուղի մոտ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ռադարային կայաններից մեկը, որն օգտագործվում էր օդային թիրախների հայտնաբերման նպատակով։