Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է ազատագրված Իզյում


Ուկրաինայի նախագահը ազատագրված Իզյումում։
Ուկրաինայի նախագահը ազատագրված Իզյումում։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է օրեր առաջ ազատագրված Իզյում, որտեղ այսօր նրա ներկայությամբ, երկրի դրոշն են բարձրացրել։

Ավելի քան կես տարի առաջ ռուսների վերահսկողության տակ անցած քաղաքը ավերվել է, բնակիչները, ըստ ուկրաինացիների, կտտանքների ու բռնությունների են ենթարկվել։

Զելենսկին ասել է, որ Իզյումի տեսարանները «ցնցող են, բայց ո'չ իր համար». - «Որովհետև մենք այս պատկերները տեսել ենք նաև Բուչայում և օկուպացված մյուս տարածքներում։ Նույն բանն է՝ քանդված շեքներ, սպանված մարդիկ»։

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ կանգ չի առնելու և հիմա էլ հակահարձակողական գործողույթուններ է սկսել երկրի հարավում։ Իսկ Մոսկվան շարունակում է հարձակումը Դոնեցկում, որի մի մասը մինչև օրս գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտնել են, թե այսօր առավոտյան գրավել են Նիկոլաևկա և Նիկոլաևկա Վտորայա գյուղերը։

Բացի դրանից, ուկրաինական կողմի պնդմամբ, ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել քաղաքացիական տներին և ենթակառուցվածքներին՝ խախտելով պատերազմի օրենքները։ Ավելի քան 33 բնակավայրերի ենթակառուցվածքներ, ըստ հաղորդումների, տուժել են հրթիռային հարվածներից և գնդակոծությունից։

«Մենք ծրագրեր ունենք, և կվերադառնանք մեր տարածքներ։ Չգիտեմ երբ, և որևէ մեկը չգիտի։ Բայց անպայման կգանք», - Իզյումում հայտարարել է Զելենսկին։

Ռազմական դաշտում ուկրաինական ուժերի հաջողությունների ֆոնին Արևմուտքը հայտարարում է Կիևին նոր օգնություն հատկացնելու մասին։ Սա շատ կարևոր պահ է, ասել է Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելը. - «Այժմ չափազանց կարևոր է օգտվել ուկրաինացիների հաջող հակագրոհից։ Նրանք շատ ավելի մեծ հաջողությունների են հասել, քան մենք սպասում էինք, ինչը նշանակում է, որ մեր ռազմավարությունը ճիշտ է։ Այժմ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, չհապաղենք»։

Բորելը նաև շեշտել է, որ Եվրոպան պետք է միասնական մնա և տեղի չտա Պուտինի ճնշումներին գազի, ցրտի, բարձր գների պատճառով։

Միացյալ Նահանգները նույնպես հայտարարել է ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները ռազմական կարիքների վերաբերյալ մշտական կապի մեջ են Կիևի հետ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դժվարացել է ասել, թե արդյոք Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի հաջողությունը պատերազմի շրջադարձային կետն էր. - «Այս հարցին պատասխան չկա։ Դժվար է ասել։ Հասկանալի է, որ ուկրաինացիները զգալի առաջընթաց են գրանցել։ Բայց ես կարծում եմ, որ դա երկար պատերազմը դեռ երկար կտևի»։

Ուկրաինայի նախագահն իր երեկվա ուղերձում շեշետել է, որ սեպտեմբերի առաջին օրերից առ այսօր Ուկրաինայի Զինված ուժերը հարավում և արևելքում ազատագրել են ավելի քան 6000 քառակուսի կիլոմետր տարածք։

Ուկրաինական հաջողված հակահարձակումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։

Զանգի նախաձեռնողը գերմանական կողմն էր։ Ընդ որում, մայիսից ի վեր սա նրանց առաջին հեռախոսազրույցն էր։ Ըստ գերմանական կողմի, մեկ ու կես ժամ շարունակված զրույցի ըթնացքում կանցլերը Պուտինից պահանջել է դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից և օր առաջ հասնել խնդրի դիվանագիտական կարգավորմանը։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ այս մասին որևէ բառ չկա։ Պուտինի մամուլի ծառայությունը հայտնել է, թե Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են գազի մատակարարումների, հացահատիկի գործարքը և Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը։

XS
SM
MD
LG