Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ բախումները «կարող են վերածվել լայնածավալ պատերազմի». փոխարտգործնախարար


Հայաստանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։

«Նման ռիսկ կա», - Reuters գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ վտանգը հստակ առկա է։ Հրադադար հաստատելու մի քանի փորձեր են արվել, սակայն այդ փորձերից րոպեներ անց Ադրբեջանը շարունակել է իր գործողությունները։ Մենք կարող ենք շատ լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ, և արդեն իսկ ունենք նման դեպքեր», - նշել է Հովհաննիսյանը:։

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ այս զարգացումը անակնկալ չէր։ Ադրբեջանական ագրեսիան վաղուց էր ծրագրվել, դրան նախորդել էր քարոզչական տևական արշավը՝ ըստ փոխնախարարի, ամենաանհեթեթ՝ Հայաստանի կողմից ձեռնարկվող այսպես կոչված ռազմական սադրանքների մասին մեղադրանքներով։

Այդ պնդումները հայկական կողմը շարունակաբար հերքում էր։ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել՝ դրանով ադրբեջանցիները հարձակման համար հենք էին ստեղծում. - «Դուք մատնանշեցիք ուկրաինական պատերազմը, մեր հարևանների հույսն էլ է դրա վրա, որ ողջ ուշադրությունը կլինի այնտեղ և մենք մեր հիմնական դաշնակիցներից լիարժեք արձագանք չենք ստանա»։

Փոխնախարարը շեշտել է՝ հասցեական արձագանքի ժամանակն է։ «Մենք կարիք ունենք, որ միջազգային համայնքն իր ձայնը բարձրացնի, երկու կողմերին ուղղված հայտարարությունների ժամանակը չէ։ Ագրեսորին հստակ ագրեսոր կոչելու ժամանակն է, ժամանակն է հստակ կոչ անել հարգել միջազգային կարգը, տարածքային ամբողջականության սկզբունքը», - ընդգծել է նա։

Հովհաննիսյանը այսօր խոսել է նաև Ռուսաստանին ուղղված դիմումից. վարչապետ Փաշինյանն այսօր մասնավորեցրեց՝ ինչպես Մոսկվային, այնպես էլ ՀԱՊԿ-ին Երևանը դիմել է ռազմական աջակցության համար։

«Մենք դիմել են Ռուսաստանի Դաշանությանը՝ հղում անելով մեր միջև ստորագրված պայմանագրին։ Թե ինչ տարբերակներ կընտրվեն՝ կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Մենք լրջորեն կքննարկեն ցանկացած հնարավորություն։ Ռուսաստանը մեր հիմնական ռազմական դաշնակիցն է, և այդ համաձայնագրում կան դրույթներ, որոնք մենք խնդրել ենք գործարկել», - նշել է դիվանագետը։

Վերջին երկու օրերին բացի գործադրվող դիվանագիտական ջանքերից, որոնք փաստացի արդյունք չեն տալիս, ոչինչ հայտնի չէ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։

Իշխանական պատգամավորը ձեռնպահ է մնում գնահատական տալ Ռուսաստանի արձագանքին

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից», Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ձեռնպահ է մնում գնահատական տալ Ռուսաստանի արձագանքին, կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը։

Իշխանական պատգամավորը և՛ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ն անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքի նկատմամբ ագրեսիան պետք է դիտարկի որպես դաշինքի նկատմամբ ագրեսիա՝ արձագանքելով համապատասխանաբար, և՛ հետևողականորեն խուսափում գնահատական տալ նաև այս պահի ՀԱՊԿ արձագանքին։

«Թե ինչպիսին է ՀԱՊԿ արձագանքը դուք տեսել եք, ես չեմ ցանկանա շատ պերճախոս գնահատականներ տալ, բայց այն այնպիսին է ինչպիսին է, միգուցե այնպիսին է ինչպիսին կարող էր լինել», - ասաց Եղոյանը:

Ինչպես անցած մայիսին, այս անգամ էլ՝ ադրբեջանական հարձակման ժամանակ, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, բայց չստացավ ռազմական օգնություն։ Տեղում իրավիճակը գնահատելու համար որոշվել է վաղը Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, որը պետք է լարվածության թուլացման առաջարկների մի զեկույց պատրաստի՝ հաջորդ գագաթնաժողովին ներկայացնելու համար։

Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ նույն՝ Հայաստանի նախագահությամբ կազմակերպությունը Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշումը շատ արագ՝ մի քանի ժամում կայացրեց, ընդ որում, այնտեղ ներքաղաքական իրավիճակն էր սրված։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը այն ժամանակ ոչ միայն 30-ամյա կազմակերպության մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցնելու համար էր պարծենում, այլև գրեթե համոզմունք հայտնում՝ կարիքի դեպքում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղըզստանը Հայաստանին օգնություն կտրամադրեն:

«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք, որ «դուք չեք արել, մենք էլ չենք արել», այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի և հույս ունենք, որ եթե հետագայում Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա Համապատասխան օգնություն», - ասել է ԱԽ քարտուղարը:

«Ազատության» հարցին՝ այս դեպքում Հայաստանը ինչո՞ւ չկարողացավ նույնն անել, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Ղազախստանն այլ դեպք էր, Ղազախստանում այլ շահեր էին, Հայաստանում այլ շահեր են: Գիտեք, որ Ադրբեջանը նաև ռազմավարական դաշնակից է գրեթե ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ»:

Ուստի ինքնանպատակ չէ՞ ՀԱՊԿ-ում մնալը, դուրս գալու հարց հնարավո՞ր է քննարկեն, այս հարցերն էլ, մյուսների նման Եղոյանն անպատասխան թողեց:

Իշխանական պատգամավորը հասցեական համարեց ԱՄՆ-ի արձագանքը։ Վաշինգտոնը հայտարարել էր՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծության «էական փաստեր է տեսել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG