Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ժամը 15:00-17:00 ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր: 16:40-ից սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ, այս պահին այն մարվել է», - նշեց Թորոսյանը:
ՊՆ խոսնակը հավելեց, որ նշված ուղղությամբ ժամը 17:00-ից «թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայկական կողմը հաղորդել է 105, իսկ ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: