Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շուտափույթ կայունացնելու համար, «Նովոստի» գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Պաշտոնական Երևանը հերթական անգամ դիմել է ՀԱՊԿ-ին։ Թե ինչ խնդրանքով, հայտնի չէ. Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև ՀԱՊԿ ղեկավարությունը չեն հստակեցրել՝ ինչ է կոնկրետ խնդրել Երևանն իր դաշնակիցներից՝ ռազմական օգնությո՞ւն, թե՞ խորհրդատվական աջակցություն։ Սակայն, երեկ, Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ։