Միրզոյանն ու Ռիքերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին, որի հետ զրուցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, քննարկել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում, հայտնում է Արտգործնախարարությունը՝ հավելելով, որ Ռիքերի հետ անդրադարձել են նաև հումանտար հարցերի, Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:
Ամերիկացի համանախագահ և կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ռիքերը Երևանում է տարածաշրջանային այցով, վաղը հանդիպելու է նաև Փաշինյանին, ապա մեկնելու է Թբիլիսի և Բաքու։
Շարունակվում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմաններին
Ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի ֆոնին` շարունակվում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմաններին։ Արդեն 8-րդ օրն է` ադրբեջանական կողմը պնդում է, թե հայկական զինված ուժերը գնդակոծում են իրենց դիրքերը, իսկ հայկական կողմը կտրուկ հերքում է այս հաղորդումները։
Բաքուն այսօր էլ հայտարարել է, թե «սեպտեմբերի 8-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 9-ի առավոտ հայկական զինված ուժերը սահմանի Նորավանի, Գորիսի շրջանի իրենց դիրքերից գնդակոծել են Լաչինի և Քելբաջարի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերը»։
Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ հայկական զինված ուժերը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, իսկ սահմաններին գիշերը ընդհանուր առմամբ խաղաղ է եղել։
«Հերթական ապատեղեկատվությունն է, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Երեկ, այնուամենայնիվ, հրադադարը խախտվել էր, իսկ 3 օր առաջ հայկական կողմը հայտնել էր հակառակորդի կրակոցից մեկ զոհի մասին։
«Երեկ էական խախտում էր արձանագրվել` կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն Պաշտպանության նախարարությունը տարածել էր», - նշեց խոսնակը:
«Առաջին հերթին այս այցը կատարվում է իրավիճակին ծանոթանալու համար». քաղաքագետ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի ակնկալում, թե Ռիքերի այցը տարածաշրջան կարող է նպաստել սահմաններին իրական հրադադարի հաստատմանը, սակայն նկատում է, որ Միացյալ Նահանգները, տարածաշրջան ուղարկելով բարձրաստիճան դիվանագետի, փորձում է մեծացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում։
«Առաջին հերթին այս այցը կատարվում է իրավիճակին ծանոթանալու համար: Չեմ կարծում, թե անմիջական ինչ-որ ազդեցություն պետք է ակնկալել, բայց եթե Միացյալ Նահանգները ներգրավվում է գործընթացի մեջ և փորձում է ակտիվ դերակատարություն ստանձնել, ապա պարզ է, որ առկա իրավիճակում ավելի բալանսավորող դեր են ունենալու», - ընդգծեց քաղաքագետը:
Օգոստոսի վերջին նոր համանախագահի նշանակած ԱՄՆ պետդեպարտամենտը տարածել էր պետքարտուղար Բլինքենի խոսքերը, թե «Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ», ինչին Բաքուն շատ կոշտ էր արձագանքել էր, թե գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման, իսկ «Ղարաբաղյան հակամարտությունը» Բաքուն անվանել էր լուծված։
«Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլն ու փորձագիտական շրջանակները Ռիքերի մասին խոսելիս նշում են նրա նոր պաշտոնի միայն առաջին հատվածը, այսինքն` կովկասյան հարցերով խորհրդական և չեն նշում, որ նա Մինսկի խմբի համանախագահ է նաև, այսինքն` այդպես նշելով փորձում են իրենց օրակարգն առաջ տանել», - նկատեց Տիգրան Գրիգորյանը:
Ֆիլիպ Ռիքերը երեկ այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն` նրա երևանյան օրակարգի հարցերից է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։