Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Հայաստանի ԱԳ նախարարը մատնանշել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, «ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»:
Միրզոյանն ու Ռիքերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ֆիլիպ Ռիքերը Երևան է ժամանել սեպտեմբերի 8-ին: Նա տարածաշրջանային այցի շրջանակում լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում: