Երևանը հերքում է Բաքվին
Գիշերը ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ, առավոտյան հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը վերջին 1 շաբաթվա ընթացքում շարունակ հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Հայաստանի զինված ուժերն են սահմանները լարված պահում։
«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, և Զինված ուժերի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան», - «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայաաստանի սահմանի հարավ արևելյան ուղղությունը փոքր տարածք չէ, և պարզ չէ, թե լարումը մասնավորապես որ հատվածում է եղել։ Նախարարության խոսնակից «Ազատությունը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ավելի հստակ չեն գրում կրակոցների տեղանքի մասին։
«Պաշտոնական հաղորդագրությունը տալիս ենք այնպես, ինչպես կարգն է, և ինչպես Պաշտպանության նախարարությունը այդ պահին նպատակահարմար է համարում», - ասաց նա:
Այսօր հերթական անգամ` արդեն յոթերորդ օրը շարունակ ադրբեջանական կողմը պնդել է, որ հայկական կողմն է գնդակոծում այս անգամ էլ Քելբաջարի և Թովուզի ուղղություններով: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասում է՝ ապատեղեկատվություն է։
«Առավոտյան տարածած իրենց հաղորդագրությունն ապատեղեկատվություն է այն մասին, թե իբր մենք կրակել ենք ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - նշեց Թորոսյանը։
Սահմանամերձ շրջանններում կրակոցներ չեն լսել
Սահմանամերձ շրջաննների վարչական ղեկավարները ևս նշում են, որ կրակոցների ձայներ չեն լսել։
«Նման դեպք տեղի չի ունեցել ընդհանրապես, ոչ մի տիպի կրակոցներ չեն եղել», - ասաց Ներքին Կարմրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:
Գոնե իրենց գյուղում կրակոցներ չէր լսել նաև Չինարի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը. «Կոնկրետ մեր տարածքում չէ»:
Ըստ Փաշինյանի` միջազգային հանրությունը, այդ թվում` ՌԴ-ն արձանագրել են, որ ԼՂ խնդիրը լուծված չէ
Վերջին օրերին, այնուամենայնիվ, սահմաններին խաղաղ չէ. երկու օր առաջ հայկական կողմը հաղորդեց հակառակորդի կրակոցից 1 զոհի մասին։ Լարվածության այս ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստովանեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել կարևորագույն հարցերի շուրջ։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին օգոստոսի 31-ին Եվրամիության մայրաքաղաքում, որտեղ պայմանավորվել էին շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ արտգործնախարարների մակարդակով։
«Պիտի ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է, բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»,- ասաց Փաշինյանը։
Մինչ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը այս հարցում չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ. «Մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ապրիլին իմ պաշտոնական այցի արդյունքներով ՌԴ նախագահի հետ մենք ստորագրեցինք հայտարարություն, որտեղ արձանագրված էր, որ մենք պետք է համագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, այսինքն` ՌԴ-ն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել, և սա տրամաբանական է»:
Երևանում է Ֆիլիպ Ռիքերը
Հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության այս ֆոնին այսօր արդեն Երևանում է օգոստոսի վերջին նշանակված ամերիկացի նոր համանախագահը։ Դեսպան Ֆիլիպ Ռիքերը նշանակվել էր որպես «Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրեց, որ Ռիքերի հանդիպումները նախատեսված են այսօրվանից մինչև սեպտեմբերի 10-ը, հայաստանյան պաշտոնյաների հետ նա քննարկելու է «ԱՄՆ աջակցությունը խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»։
Հայտնի է, որ այսօր Ռիքերն արդեն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր։
Ամերիկացի պաշտոնյայի այցը տարածաշրջանային է, Հայաստանից նա կմեկնի Վրաստան ու Ադրբեջան, որը նրա նշանակմանը կոշտ էր արձագանքնել։ Ադրբեջանը բամզիցս հայտարարել է «Մինսկի խմբին թոշակի ուղարկելու» մասին: