ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այդ մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով՝ Ռիքերը կմեկնի այսօր երեկոյան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում ամերիկացի դիվանագետը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները, ինչպես նաև ուղիներ փնտրելու գործընկերներին օգնելու և անմիջականորեն ու կառուցողական համագործակցության համար՝ առկա խնդիրները լուծելու և հետագա տարածաշրջանային համագործակցության նպատակով, նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Պատելն ընդգծել է, որ սա առաջինն է նախատեսված կանոնավոր այցերից տարածաշրջան:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել մոտ երկու շաբաթ առաջ: