Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ անցած օրվա ընթացքում ուկրաինական ուժերը երեք անգամ հրետակոծել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։
Նրա ասելով՝ 17 ականներ են արձակվել, որոնցից 10-ը պայթել են օգտագործված միջուկային չոր վառելիքի պահեստավորման շենքի մոտ, 2-ը՝ միջուկային թարմ վառելիքի և օգտագործված կոշտ վառելիքի պահեստի մոտ, 4-ը հարվածել են մասնաշենքերից մեկի տանիքին։
Կոնաշենկովի խոսքով՝ հայտնաբերվել և ոչնչացվել է ուկրաինացիների կողմից օգտագործված ամերիկյան հաուբիցը։
ՌԴ ՊՆ խոսնակը նշել է նաև, որ ատոմակայանում ռադիացիոն մակարդակը նորմայի մեջ է։ Նա հավաստիացրել է, որ ներսում ծանր զինտեխնիկա չկա։
Ուկրաինայի պետական «Էներգոատոմ» ընկերությունը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում ռուսական ուժերը հերթական անգամ հրետակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը, վնասվածքները ճշգրտվում են։