Ուկրաինայում ռազմական գիծը կայունացել է, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
Ռուսներին չի ստացվում երկու-երեք կիլոմետրից ավելին առաջ անցնել, ասաց նախկին դեսպանը՝ նկատելով՝ Ուկրաինան Արևմուտքի օգնությամբ կարողանում է հաջողությամբ դիմադրել։
«Հիմա մենք օգտագործում ենք նոր տեսակի զենքը, որ տրամադրում են մեզ Արևմուտքից։ Ես նկատի ունեմ հրթիռային համակարգերը, որոնք կարող են ավելի հեռավորության վրա խփել։ Ամերիկայի նախագահ պարոն Բայդենը վերջերս՝ հենց օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության օրը, ստորագրել է, որ Ուկրաինային 3 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի և նախատեսված է տրամադրել Ուկրաինային շատ լուրջ զենք, մանավանդ՝ երկարամյա, ոչ թե այսօրվա կամ վաղվա համար, այլ երկարամյա։ Դա նշանակում է, որ Արևմուտքը և Ամերիկան բավականին լուրջ են գնահատում վիճակը, որ չի ստացվում միանգամից քշել ռուսներին Ուկրաինայից, դրա համար դա երևի ավելի երկար կտևի», - ասաց Բոժկոն՝ շեշտելով՝ պետք է պատրաստ լինել կռվելու ոչ միայն ամռանը, այլ նաև աշնանն ու ձմռանը։
«Հիմա այդ ուղղությամբ է աշխատում Ուկրաինաին։ Պատերազմը կախված է ոչ միայն մարտի դաշտի հետ, այլ տնտեսության հետ, հետո բնակելի շենքերի հետ՝ ինչպես պետք է գազ մատակարարվի, ինչպես պետք է էլեկտրաէներգիա մատակարարվի, որովհետև ռուսները խփում են կարևոր ինֆրաստրուկտուրաներին՝ էլեկտրակայաններին, մենք հասկանում ենք դա և արդեն նախապատրաստվում ենք», - ասաց դեսպանը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․