Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հնարավոր է՝ այցելի Զապորոժիեի ատոմակայան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱՏԷՄԻԳ) հնարավոր է՝ մոտ օրերս այցելի ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայան, այսօր Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո «Ֆրանս 24»-ի եթերում հայտարարել է գործակալության տնօրենը։

Ռաֆայել Գրոսն ու Էմանյուել Մակրոնը Փարիզում քննարկել են ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պատերազմական գործողություններին զուգահեռ Զապորոժիեում լարվածությունն ամիսներ շարունակ չի նվազում։

«Կարծում եմ՝ կա ընդհանուր ըմբռնում, որ մենք պետք է այնտեղ լինենք։ Մենք պետք է այնտեղ լինենք շուտով։ Կիևն ու Մոսկվան համաձայն են։ Հուսով եմ՝ շատ շուտով մեր առաքելությունն այնտեղ կլինի», - ասել է Ռաֆայել Գրոսը։

Այս ֆոնին հայտնի դարձավ, որ Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ հեռախոսով բանակցել են Ռուսաստանի ու Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները։ Մոսկվան հաղորդում է, որ այն նախաձեռնել է ֆրանսիական կողմը։ Սերգեյ Շոյգուն ու Սեբաստիան Լեքորնն, ըստ ռուսական լրատվամիջոցների, կարևորել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը կայան։

Մինչդեռ երեկ Ստամբուլում գործակալության տնօրենի հետ հանդիպմանը ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, թե Ռուսաստանը կողմ է միջազգային մասնագետների այցելությանը, սակայն շեշտել՝ դա հնարավոր կլինի, հենց որ տեղում ռազմական իրադրությունը թույլ տա։

Մինչ քննարկվում է ատոմակայանի տարածք միջազգային մասնագետների հավանական այցը, ուկրաիանական կողմը պնդում է, թե Ռուսաստանը մանրամասն մշակել է ատոմակայանն արտակարգ իրավիճակի դեպքում ցանցից անջատելու ծրագիրը։ Դա, ըստ ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության տնօրեն Պյոտր Կոտինի, կարող է հանգեցնել միջուկային աղետի։ Մասնագետը բրիտանական The guardian պարբերականին ասել է, թե անջատման հետևանքով կարող է կայանը խափանվել։ Այսօր արդեն ռուսական լրատվամիջողները հաղորդում են` ատոմակայանի երկու էներգաբլոկներն անջատվել են՝ մոտակայքում բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհի մարումից հետո բլոկներից մեկը միացվել է։ Վերականգնվել է Զապորոժիեի ու հարակից շրջանների էլեկտրականությունը։

Ուկրաինա ներխուժման հենց սկզբից՝ մարտին, Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմականն անցել է ռուսական զինուժի վերահսկողության տակ։ Դրա շուրջ մարտերը չեն դադարում։ Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում կայանի գնդակոծման և սադրանքների համար։ Չնայած Արևմուտքի ու միջազգային փորձագետների հորդորներին՝ ռուսական կողմը մերժում է ապառազմականացնել կայանը։

Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ռուսաստանին մեղադրել է՝ ատոմակայանի տարածքը պատերազմական գոտու վերածելու ու սադրանքների համար` ասելով. «Զապորոժիեի ատոմակայանն ունի 6 ռեակտոր։ Չեռնոբիլում միայն մեկ ռեակտոր է պայթել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է որքան հնարավոր է շուտ վերասկողություն սահմանի Զապորոժիեում։ Եվ Ռուսաստանը պետք է անվերապահորեն դադարեցնի ատոմային շանտաժն ու դուրս գա կայանի տարածքից»։

Ուկրաինայի նախագահը կրկին զգուշացրել է, որ ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպան ու հարևան տարածաշրջանները կանգնած են ռադիացիոն աղետի վտանգի առաջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG