Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ռուսական ուժերի բռնազավթած Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ համատեղ հեռախոսային խոսակցության արդյունքում կոչ անելով զսպվածություն ցուցաբերել Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ի հարակից տարածքում ռազմական գործողությունների ժամանակ։
Ջո Բայդենը, Բորիս Ջոնսոնը, Էմանյուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը, միաժամանակ, վերահաստատել են իրենց աջակցությունը Կիևին։
Նրանք նաև կոչ են արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների անհապաղ այց կազմակերպել Զապորոժիեի ատոմակայան։
Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրում են միմյանց ատոմակայանի ուղղությամբ արձակվող կրակի համար։ Դիտորդները մտահոգված են, որ ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններր կարող են միջուկային նոր աղետ պատճառ հանդիսանալ՝ ավելի մասշտաբային, քան 1986 թվականի Չեռնոբիլի աղետն էր։