Մատչելիության հղումներ

Մոսկվան ծրագրում է առաջիկա օրերին հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին․ ԱՄՆ հետախուզություն


Ուկրաինայի և Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Անջեյ Դուդան մասնակցում են Կիևում Արիության ծառուղու բացման արարողությանը, 23-ը օգոստոսի, 2022թ.
Ուկրաինայի և Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Անջեյ Դուդան մասնակցում են Կիևում Արիության ծառուղու բացման արարողությանը, 23-ը օգոստոսի, 2022թ.

Մոսկվան ծրագրում է առաջիկա օրերին հարվածել Ուկրաինայի ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին։ Ամերիկյան հետախուզությունն այդ մասին տվյալներ ունի, հաղորդում են Reuters-ն ու The New York Times-ը։ Միացյալ Նահանգների դեսպանատունն, իր հերթին, Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան ցամաքային անվտանգ ուղիներով։

Ուկրաինական իշխանություններն այս նախազգուշացումներից առաջ արգելել են անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումները․ նախագահ Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ էր զգուշացրել, որ Մոսկվան կարող է «դաժան հարված հասցնել»։ Այսօր նա կրկնել է այս զգուշացումը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Կարո՞ղ են նրանք ավելացնել հարվածների քանակը: Այո՛, նրանք կարող են դա անել օգոստոսի 23-ին, 24-ին։ Սա է իմ ունեցած տեղեկությունը, ավելին չգիտեմ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին միաժամանակ նախազգուշացրել է, որ այդ դեպքում ռուսները կստանան համարժեք պատասխան. - «Եթե նրանք հարվածեն մեզ, կստանան հզոր պատասխան։ Ամեն օր պատասխանը կավելանա՝ դառնալով է՛լ ավելի հզոր»։

Այս հայտարարությունների ֆոնին Կիևի կենտրոնական հատվածներում ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Ուկրաինայում այսօր Ազգային դրոշի օրն է։ Զելենսկին մասնակցել է այդ առիթով կազմակերպված միջոցառմանն ու հայտարարել՝ Ուկրաինայի դրոշը ծածանվելու է երկրի բոլոր տարածքներում, այդ թվում՝ Ղրիմում։

Արդեն վաղը Ուկրաինան նշելու է Խորհրդային Միությունից անկախանալու 31-րդ տարեդարձը։ Նույն օրը լրանում է ռուսական ներխուժման կես տարին։

Այսօր Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական ուժերը շարունակում են հրթիռա-հրետանային հարվածներ հասցնել հարավ-արևելքում գտնվող ուկրիանական քաղաքներին, որոնք մոտ են Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանին։ Հաղորդվում է նաև Դնեպրում և Խարկովում պայթյունների մասին. տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյուններից մարդիկ չեն տուժել։

Ռուսական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ ուկրաինական կողմը հարվածել է Դոնեցկի կենտրոնական հատվածին, արկերից մեկն ընկել է վարչակազմի շենքի վրա, հրդեհ է բռընկվել։ Ըստ քաղաքի վարչակազմի փաստացի ղեկավարի՝ երկու տղամարդ է զոհվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր հայտարարել է, թե ռուսական կողմը մեկ օրում մի քանի շրջաններում խոցել է Սու-27 ինքնաթիռ, 6 անօդաչու թռչող սարք և բռնագրավել այլ զինատեսակներ։

Ռազմական ճնշումը սաստկացնելուց բացի, Մոսկվան նաև փորձում է պառակտել Եվրամիությունը՝ բարձրացնելով վառելիքի գներն ու դադարեցնելով գազի մատակարարումը, «բայց մենք պիտի դիմանանք և այս ծանր բեռը հավասարապես բաշխենք», - ասել է Միության արտգործնախարար Ժոզեպ Բորելը։

Նույնը կրկնել է նաև Եվրոպայի երկրորդ ամենահզոր տնտեսության՝ Ֆրանսիայի նախագահը։ «Մենք կշարունակենք աջակցությունը», - ասել է Էմանյուել Մակրոնը՝ տեսաուղերձով դիմելով ուկրաինացիներին:

«Ֆրանսիան ու Եվրամիությունը՝ Ուկրաինայի մի շարք դաշնակիցների և բարեկամների հետ, անում են անհրաժեշտ ամեն բան ձեր պայքարին աջակցելու համար։ Քանի որ դա արդար կռիվ է, դա պայքար է ձեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար։Մեր այդ հանձնառությունը չի փոխվել, մենք կշարունակենք այդ ջանքերը տևական ժամանակ», - վստահեցրել է Ֆրանսիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG