Երեք նոր անցակետեր հայ - ադրբեջանական սահմանին. Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երկու շաբաթ անց իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, այսօր շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով, ընդունման դեպքում, անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու: Բոլոր երեքը, ըստ նախագծի, ավտոմոբիլային անցակետեր են լինելու։
Ուղիղ երկու շաբաթ առաջ վարչապետը հայտարարում էր՝ թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատել սահմանը, Հայաստանի օրենսդրությամբ դա կապահովվի: «Էսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևանի հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ որ իրենք գան և ասեն, որ ուզում են հատեն, էդ կապը հաստատեն, և մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի», - ասել էր Փաշինյանը՝ շարունակելով. - «Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, և դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գրված է, որ ՀՀ քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժի իրավունք, դա չի նշանակում, որ էդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության շրջանցմամբ»:
ԱԱԾ-ը հիմնավորումներում հարկ է համարել նշել՝ նախագիծը պետք է ընդունվի հենց վարչապետ Փաշինյանի այդ հանձնարարականները կատարելու համար։ Եթե որոշումը կառավարության նիստում ընդունվի, ԱԱԾ տնօրենն էլ պետք է երկու շաբաթում ապահովի իրավական ակտի ընդունումը, որը կերաշխավորի այս նոր անցակետերով մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգությունը։ Բայց թե մաքսային ինչ կարգավորումներ են գործելու, նախագիծը չի հստակեցնում։
Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովը որևէ հրապարակային հայտարարություն չի արել, թե վերջնական համաձայնության են եկել ճանապարհների բացման հարցում։
Իշխանության այս նախաձեռնության վերաբերյալ պատասխաններ չհաջողվեց ստանալ ոչ ապաշրջափակման հարցով ադրբեջանցիների հետ բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ոչ էլ Հայաստանի արտգործնախարարությունից՝ հեռախոսազանգերին խոսնակները չեն պատասխանում։
Ընդդիմադիրները ևս այս պահին ձեռնպահ են մնում գնահատականներից։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ Հայաստանը փորձում է պրոակտիվություն ցուցաբերել՝ չեզոքացնելու «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին պնդումները։
«Ես չեմ կարծում, թե սա լուրջ փորձ է՝ դա չեզոքացնելու, որովհետև էդ փորձն ինքը որևէ կերպ չի վերացնում կամ չի լուծում առկա խնդիրները՝ կապված Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների հետ: Պահանջը, ըստ էության, կա Ռուսաստանից՝ ռուսական միջանցքի տեսքով, կա Թուրքիայից և Ադրբեջանից՝ այլ տեսքով՝ թուրք-ադրբեջանական տեսքով, և Հայաստանի այս քայլը, եթե դա դիտարկվում է որպես փորձ՝ խուսափելու միջանցքային տրամաբանությունից, ինքը լուրջ փորձ չէ առնվազն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչինյանը:
Նախագիծը e-draft.am-ում հանրայնորեն քննարկման է դրվել երկու շաբաթով՝ մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Թե երբ կհայտնվի կառավարության օրակարգում, հստակ չէ։