Մատչելիության հղումներ

Մի օր խաղաղապահները դուրս են գալու Արցախից, պետք է պատրաստ լինել հնարավոր զարգացումներին․ քաղաքագետ


Եթե նույնիսկ ռուս խաղաղապահներն այսօր զսպող գործոն են, նրանք չեն կարող հավետ այդպես մնալ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ շեշտելով՝ մի օր խաղաղապահները դուրս են գալու Արցախից և պետք է պատրաստ լինել հետագա զարգացումներին։

«Ակնհայտ է, որ մի օր դուրս են գալու խաղաղապահներն Արցախից, դա կարող է լինել Ալիևի և Պուտինի պայմանավորվածության արդյունք, դա կարող է լինել Ռուսաստանի թուլացման արդյունք և այլն, մենք պետք է պատրաստ լինենք հետագա հնարավոր զարգացումներին, մենք պետք է առաջ նայենք, եթե այս պահին իրենք զսպող գործոն են, ապա վաղը չի բացառվում, որ զսպող գործոն չլինեն, երբեք չպետք է մեր հույսը դնենք ռուս խաղաղապահների վրա», - ասաց քաղաքագետը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ նկատում է՝ արցախցիների բացարձակ մեծամասնությունը ռուս խաղաղապահներին հավատալով է Արցախ վերադարձել։

Ընդգծելով, Խծաբերդի, Հին Թաղերի, Փառուխի, Քարագլուխի դեպքերն ու օգոստոսի սկզբին սահմանային սրացումները՝ Պետրոսյանը շեշտում է՝ պատերազմից հետո որևէ լավ բան չեն տեսել։

«Հուսով ենք, որ մոտ ժամանակները որոշ քայլեր կձեռնարկվեն ռուս ղեկավարության կողմից՝ այս ամենը շտկելու և Ադրբեջանին սանձելու համար», - ասաց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահը։

Կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խիստ քննադատություն հնչեցրել ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։

Վարչապետը հիշել էր ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները, շեշտելով՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ։ Շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը գործադիրի ղեկավարն անընդունելի էր համարել։ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե ԼՂ շփման գծի անվտանգությունը չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետի կոնկրետ առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու վերաբերյալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG