Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը


Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերը «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ չեն ունենա, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք»։

Ստեփանակերտից արձագանքել է արտաքին գործերի նախարարը՝ վերահաստատելով, որ Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է: Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել Արցախի վերաբերյալ իր ծրագրերը, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ Ղարաբաղն ինքը չի լինի։

Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում երեկ ուշ երեկոյան նաև անկեղծության համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ակնարկելով՝ այս հայտարարությունն անսպասելի չէր։

Այսօր նաև Արցախի նախագահն է խոսել: «Պետք է զինվել համբերությամբ և չշեղվել անկախության ուղուց», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Ճարտար քաղաք կատարած այցի ընթացքում։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը», - ասել է Հարությունյանը։

Ադրբեջանի նախագահը Ղարաբաղից խոսել էր Իսմայիլի շրջան կատարած այցի ընթացքում՝ դարձյալ պնդելով, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա։

«Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ, որ անկախություն, ոչ էլ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են», - նշել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահն այս հայտարարություններն անում է սահմանային վերջին սրացումից հետո, որի հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող զոհվեց, 19-ը վիրավորվեցին։

Անցած շաբաթ՝ հենց այդ լարվածության ընթացքում Ստեփանակերտը տեղեկացրեց, որ Ադրբեջանը պահանջել է Արցախ-Հայաստան կապը նոր երթուղիով կազմակերպել, ինչը նշանակում էր, որ այժմ գործող Լաչինի միջանցքն իր բնակավայրերով հանդերձ անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը։ Արցախի իշխանությունները հաջորդիվ տեղի բնակիչներին հայտնեցին, որ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն իրենց տներից հեռանալու համար։

Բաքուն արդեն հայտարարում է՝ պատրաստվում է Ադրբեջանին հանձնվող Լաչինը, Աղավնոն և Սուսը ադրբեջանցիներով բնակեցնել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Ալիևին, խոսնակն այսօր հորդորեց հարցերը գրավոր ուղարկել։ Խորհրդարանի իշխող խմբակցությունից էլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անհասանելի էր։ Փորձեցինք կապվել նույն հանձնաժողովից իշխանական այլ պատգամավորների հետ։ Մեր զանգերին պատասխանեց միայն Սարգիս Խանդանյանը, բայց ասաց՝ մանրամասներին ծանոթ չէ, չի կարող մեկնաբանել։

Երեկ ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև ասել էր՝ պատերազմից հետո խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկ են արել, բայց Երևանից դրական պատասխան դեռ չեն ստացել, հուսով են, որ կստանան: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հայկական կողմը դեմ էր նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը, հետո, սակայն, համաձայնեց։ Առաջիկա շաբաթներին էլ սպասում են, որ հայկական կողմը կներկայացնի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին:

Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, պարբերաբար են հայտարարում՝ Երևանը կողմ է խաղաղության բանակցություններին, սահմանազատմանն ու սահմանագծմանը, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ հենց Ադրբեջանի մոտեցումն է ապակառուցողական։

Ամիսներ առաջ խաղաղության բանակցություններ սկսելու Ադրբեջանի հինգ սկզբունքներին Երևանը վեց կետանոց առաջարկով էր պատասխանել, որոնցում շեշտվում էր՝ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Պաշտոնական Երևանը, ամիսներ անց, սակայն դեռ չի հստակեցնում՝ ինչպիսի վերջնական կարգավիճակ է պատկերացնում Արցախի համար, միայն նշում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:

«Այս ամենը հաշվի առնելով խաղաղության բանակցություններում առաջընթաց ակնկալելն անիրատեսական է», -կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

«Մենք տեսանք, որ նույնիսկ Երևանի կողմից կարելի է ասել զիջողական այդ մոտեցումը, երբ Փաշինյանը ապրիլին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, Ադրբեջանի կողմից չարժանացավ որևէ արձագանքի, որևէ կառուցողական արձագանքի: Եվ պարզ է, որ Ադրբեջանն այս փուլում շեշտը դնում է ուժային գործիքակազմի վրա, ուժային գործիքակազմի օգտագործման միջոցով դիվանագիտական զիջումներ կորզելու քաղաքականությունը տեսնում ենք, որ բավականին արդյունավետ է», - ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ Բաքուն շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի իշխանություններն ընդունեն Ադրբեջանի բոլոր պահանջները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG