Մատչելիության հղումներ

Չինական զորավարժությունների հետևանքով Թայվանը գրեթե լիակատար շրջապատման մեջ է հայտնվել


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին վաղուց արդեն Թայվանում չէ, սակայն լարվածությունը կղզու շուրջ շարունակում է աճել։

Փելոսիի մոտ 18 ժամ շարունակված վիճահարույց այցին զուգահեռ մեկնարկած չինական զորավարժությունները, ըստ արևմտյան աղբյուրների, սպասվածից շատ ավելի ծավալուն են։

CNN-ի տեղեկություններով, եթե նախապես Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը հայտարարել էր, որ Թայվանի շուրջ ընթացող զորավարժությունների նպատակով կղզուն հարող վեց շրջաններն են ոչ թռիչքային գոտի հայտարարվում, ապա այսօր դրանց ավելացավ յոթերորդը։ Այստեղ ևս արգելվել են թե՛ քաղաքացիական օդանավերի թռիչքները, թե՛ առևտրային ու մարդատար նավերի մուտքը։

Բրիտանական Daily Telegraph-ի պնդմամբ՝ այս պահին չինական զորավարժությունների հետևանքով Թայվանը գործնականում կտրված է արտաքին աշխարհից, ինչը համապատասխանում է չինացի զինվորականների ավելի վաղ հնչեցրած հայտարարություներին։ Նախօրեին Չինաստանի պետական հեռուստատեսությունը արդեն իսկ զգուշացրել էր, որ զորավարժությունների սցենարով նախատեսվում է Թայվանը ծովային շրջափակման ենթարկել։

Թայվանի կառավարությունը կղզու լիակատար շրջապատման մասին պնդումները առայժմ չի հաստատում՝ չհերքելով, սակայն, իրադրության կտրուկ լարման մասին հաղորդագրությունները։ Թայբեյից մասնավորաբար հաղորդում են, որ այսօր առավոտյան Թայվանին պատկանող մի շարք փոքր կղզիների մերձակայքում չինական անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Դրան էլ գումարած Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ներքին համակարգչային ցանցի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման մասին։

«Փելոսիի այցը Թայվանի տարածաշրջան կատարյալ ֆարս էր». Չինաստանի ԱԳ նախարար

Պաշտոնական Պեկինը դեռ օրեր առաջ էր զգուշացնում՝ եթե Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակը որոշի շեղվել իր ասիական շրջագայության նախապես գծված երթուղուց և ժամանի Թայվան, ապա իրադարձությունների հետագա զարգացումը կարող է անկանխատեսելի լինել։

«Փելոսիի այցը Թայվանի տարածաշրջան կատարյալ ֆարս էր։ Ժողովրդավարության պաշտպանության պատրվակով Միացյալ Նահանգները ոտնահարում է Չինաստանի ինքնիշխանությունը։ Թայվանի ղեկավարն ու նրա նմանները փորձում են Միացյալ Նահանգների ուժային կարողությունների վրա խաղադրույք կատարել՝ առաջ տանելով Թայվանի, այսպես կոչված, անկախության գաղափարը։ Դա Չինաստանի համազգային շահերի դավաճանություն է։ Այս հետադիմական մոտեցումները, սակայն, չեն կարող փոխել միջազգային ասպարեզում առկա կոնսենսուսը առ այն, որ աշխարհում միայն մեկ Չինաստան գոյություն ունի։ Դրանք չեն կարող կանխել նաև Թայվանի և Չինաստանի հիմնական տարածքի վերամիավորման պատմական միտումները։ Նրանք, ովքեր կրակի հետ են խաղում, որևէ լավ բանի չեն հասնի, իսկ գործիչները, որոնք վիրավորում են Չինաստանը, ի վերջո պատժվելու են», -անցած գիշեր Կամբոջայում, Հարավ-արևելյան Ասիայի պետությունների արտգործնախարարների հավաքի ընթացքում հայտարարում էր Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Վան Ին։

Կամբոջայի հավաքն, ի դեպ, նաև դիվանագիտական սկանդալի թատերաբեմ դարձավ։ Չինաստանի արտգործնախարարը վերջին պահին չեղարկեց բանակցություններն իր ճապոնացի պաշտոնակցի հետ։ Պատճառը Թայվանի մերձակայքում չինական զորավարժությունները դատապարտող «Մեծ յոթնյակի» հայտարարությունն էր, որի տակ իրենց ստորագրություններն էին դրել նաև ճապոնական կառավարության ներկայացուցիչները։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Փելոսիի այցը ավելի շատ վնաս պատճառեց Թայվանին, քան օգուտ

Պեկինը զորավարժությունները նախատեսում է ավարտել երեք օրից՝ օգոստոսի 7-ին։ Լոնդոնում գործող Kings College-ի դասախոս Ալեսիո Պատալանոյի կարծիքով՝ զորավարժություններին զուգահեռ ավարտին կմոտենա նաև Թայվանի չինական շրջափակումը, որը վերլուծաբանի համոզմամբ՝ առավելապես նախազգուշական բնույթ ունի։

«Շրջափակումները նախապատրաստելը և կյանքի կոչելը երկար գործ է։ Այս զորավարժությունները սակայն [մշտական շրջափակման] նման չեն», - CNN- ի հետ զրույցում նշում է գիտնականը։

Արևմտյան վերլուծաբաններից ոմանց կարծիքով էլ Փելոսիի այցը ավելի շատ վնաս պատճառեց Թայվանին, քան օգուտ։ New York Times-ի ամենահեղինակավոր սյունակագիրներից մեկը՝ Թոմաս Ֆրիդմանը «Ինչու է Փելոսիի այցը Թայվան բացարձակապես անխոհեմ» վերնագրված հոդվածում օրերս գրում էր. «Վերջին 30 տարիներին ես բազմիցս եմ այցելել Թայվան և տեսել եմ, թե որքան է փոխվել այդ կղզին։ Մեկ բան սակայն այնտեղ անփոփոխ է մնում՝ աշխարհագրությունը։ Թայվանը շարունակում է փոքրիկ մի կղզի մնալ՝ 23 միլիոն բնակչությամբ, որ գտնվում է 1 միլիարդ 400 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանից ընդամենը 100 մղոն հեռավորության վրա»:

New York Times-ի հոդվածագիրը զգուշացրել է՝ «այն երկրները, որ մոռանում են իրենց աշխարհագրական դիրքի մասին, որպես կանոն դժբախտությունների են բախվում»։

XS
SM
MD
LG