Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գումարված ASEAN-ի՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ուրախ եմ հանդիպելու իմ բարեկամ և գործընկեր Ժոզեպ Բորելին և մեր բոլոր գործընկերներին Եվրամիությունից: Մենք առաջին հերթին գործընկերներ ենք, երբ խոսքը վերաբերում է մեր առջև ծառացած բազում մարտահրավերներին, որոնք ազդում են մեր քաղաքացիների կյանքի վրա»,- ասել է Բլինքենը:
Նա օրինակ է բերել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով այսօր աշխարհում առավել հրատապ դարձած պարենային անվտանգության խնդիրը, որի լուծման համար Միացյալ Նահանգները և Եվրամիոթյունը համատեղ ջանքեր են գործադրում:
Պնոմպենի հավաքին մասնակցում են ASEAN-ի10-ն անդամներից 9-ը, Մյանման ներկա չէ գագաթնաժողովին:
Եվս տասը երկրներ, որոնց թվում են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ավստրալիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան, մասնակցում են կառույցի գործընկերոջ կարգավիճակով:
Ենթադրվում է, որ օրակարգի հիմնական թեման կլինի Հարավչինական ծովի շրջանում բոլոր կողմերի համար ընդունելի գործելակերպի հայեցակարգի քննարկումն, ինչպես նաև Մյանմայում ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված կացությունը:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Պնոմպենում առանձին հանդիպում կանցկացնեն Ամերիկայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի հետևանքով: