Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն չի հրաժարվի կղզու հանդեպ իր հանձնառությունից. Փելոսիի այցը Թայվան ավարտվեց


Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Թայվան ավարտվել է։ Աննախադեպ լարվածությամբ ուղեկցված այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան Թայբեյում Թայվանի իշխանությունների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի ինքնակառավարվող կղզու հանդեպ իր հանձնառությունից, որը Չինաստանը համարում է իր տարածքը։

«Այսօր, երբ աշխարհը կանգնած է բռնապետության և ժողովրդավարության միջև ընտրության առաջ, ավելի քան երբևէ կարևոր է ցույց տալ Ամերիկայի համերաշխությունը Թայվանի 23 միլիոն ժողովրդին»,- հայտարարել է Նենսի Փելոսին՝ ընդգծելով, որ ամերիկացի օրենսդիրներն անում են հնարավորը, որպեսզի Թայվանը կարողանա արդյունավետորեն պաշտպանվել։

Փելոսիի այցն է՛լ ավելի է սրել Վաշինգտոնի և Պեկինի միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները։ ԱՄՆ քաղաքական հիերարխիայի երրորդ անձի Թայբեյ հնարավոր այցի մասին լուրը աննախադեպ արձագանք է հարուցել Չինաստանում, որի ֆոնին Փելոսիի գրասենյակը հրաժարվել էր նախապես հայտարարել Ներկայացուցիչների պալատի խոսնակի օրակարգի մասին։ Մինչև վերջին պահը հստակ չէր՝ Փելոսիի Թայվան այցը տեղի կունենա, թե ոչ։

«Կարծում եմ, որ ուղերձը պետք է շատ հստակ լինի։ Կոնգրեսում՝ թե՛ Ներկայացուցիչների տանը և թե՛ Սենատում, դեմոկրատներն ու հանրապետականները հավատարիմ են Թայվանի անվտանգության հարցում ստանձնած հանձնառություններին, որպեսզի Թայվանը կարողանա արդյունավետորեն պաշտպանել իրեն։ Բացի այդ, այս ամենը նաև ժողովրդավարության մեր ընդհանուր արժեքների մասին է։ Այս հարցում Թայվանը օրինակ է ծառայում ողջ աշխարհի համար», - հայտարարել է ԱՄՆ օրենսդիր մարմնի ղեկավարը։

Անդրադառնալով իր այցին՝ պաշտոնական Պեկինի կտրուկ արձագանքին` Փելոսին ենթադրել է, որ դրա պատճառը Չինաստանի նախագահի շուրջ ստեղծված բարդ ներքաղաքական կացությունն է։

«Գուցե դա է պատճառը, որ նա սուր է ճոճում», - ենթադրել է Փելոսին։

Պեկինը ավանդաբար կոշտ է արձագանքում ԱՄՆ քաղաքական գործիչների և Թայվանի ղեկավարության միջև ցանկացած շփման՝ պնդելով, որ նման քայլերը խաթարում են «մեկ Չինաստան» սկզբունքը, որը Վաշինգտոնը ճանաչել է դեռևս 1972 թվականին:

Ամերիկյան պատվիրակության օդանավը Թայբեյում վայրէջք կատարելուց անմիջապես հետո Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ այդ այցը խարխլում է Չինաստանի ինքնիշխանությունը և չին-ամերիկյան հարաբերությունները։ Պեկինը, բողոքի նոտա հղելով Վաշինգտոնին, ազդարարել է Թայվանի ափերի մոտ ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, զուգահեռաբար հաղորդվել է կղզու ուղղությամբ չինական ռազմական օդանավերի թռիչքների մասին։

«Փելոսիի այցը որևէ առնչություն չունի ժողովրդավարության պաշտպանության հետ, այդ քայլով նա ոտնահարել է Չինաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը։

«Ինչպես շատերն են դիպուկ նկատել՝ Փելոսիի վտանգավոր սադրանքը ոչ այլ ինչ է, քան անձնական քաղաքական շահ, տգեղ ֆարս»,- հավելել է Չինաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Պեկինը Թայվանը համարում է իր անջատված նահանգ, որը վաղ թե ուշ պետք է վերադառնա Չինաստանի կազմ։ Միևնույն ժամանակ թայվանցիները յոթանասուն տարվա բաժանումից հետո իրենց համարում են առանձին ժողովուրդ, իսկ իրենց կղզին` առանձին երկիր։ Կղզին ունի սեփական Սահմանադրությունը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներ և մոտ 300 հազարանոց բանակ։ Թայվանի անկախությունը ճանաչում է աշխարհի 15 պետություն։

Տարածաշրջանում Վաշինգտոնի երկարամյա քաղաքականությունը ռազմավարական երկիմաստության օրինակ է. պաշտոնապես Միացյալ Նահանգները հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը՝ ճանաչելով միայն Պեկինին և դիվանագիտական հարաբերություններ ունի Չինաստանի, այլ ոչ թե Թայվանի հետ, բայց միևնույն ժամանակ պահպանում է դաշնակցային հարաբերություններ Թայվանի հետ։

Արևմտյան մամուլը նկատում է, որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկյան նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Թայվան դիվանագիտական մեծ գլխացավանք է Սպիտակ տան համար, որը չի ցանկանում առճակատման գնալ Պեկինի հետ` չդրդելու Չինաստանի իշխանություններին ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին։

Նախագահ Ջո Բայդենը անցած օրերին հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները Փելոսիի այցը Թայվան «այնքան էլ լավ գաղափար չեն համարում»։ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, իր հերթին, նշել է, որ Փելոսին իրավունք ունի այցելելու Թայվան, և Սպիտակ տունը հարգում է ԱՄՆ կոնգրեսի անկախությունը։

XS
SM
MD
LG