Մատչելիության հղումներ

Թայվանը՝ Բայդեն-Ծինփին հեռախոսազրույցի առանցքային թեման


ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի նախօրեին ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում գլխավոր հարցերից մեկը եղել է Թայվանի շուրջ լարվածությունը։ Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել է կրակի հետ չխաղալ։

«Նրանք, ովքեր խաղում են կրակի հետ, կկործանվեն դրանից, հույս կա, որ ԱՄՆ-ի համար սա պարզ կլինի», - Չինաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ասել է Սի Ծինփինը։

Նա ընդգծել է Չինաստանի պահանջատիրությունը կղզու նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ անջատված է Չինաստանից և ժողովրդական հասարակարգ ունի։

Սի Ծինփինն ասել է, որ Վաշինգտոնը պետք է պահպանի մեկ Չինաստան սկզբունքը և նշել, որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանը և դրսի միջամտությանը։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Բայդենը ընդգծել է, որ Թայվանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել և որ Միացյալ Նահանգները վճռականորեն հանդես են գալիս ստատուս-քվոն միակողմանի փոխելու կամ Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը խարխլելու ջանքերի դեմ։

Թայվանի հարցը նախագահների հեռախոսազրույցի ուշադրության կենտրոնում հայտնեց այն բանից հետո, երբ ներկայացուցիչների տան նախագահ Նենսի Փելոսին հայտարարեց Թայվան այցելու մտադրության մասին։ Պեկինը հայտարարել էր, որ նար այցը կդիտարկվի։

Սա Բայդեն-Ծինափին թվով հինգերորդ հեռախոսազրույց էր. վերջին անգամ նրանք կարճ հեռախոսազրույց էին ունեցել մարտին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո։ Ամերիկացի պաշտոնյաները նշել էին, որ երեկվա հեռախոսազրույցը լայն օրակարգ կունենա, այդ թվում՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, որը Չինաստանը մինչև հիմա չի դատապարտել։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնjան հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություnները և իրենց թիմերին հանձնարարական է տրվել ուսումնասիրել այդ հարցը։ Իրականանալու դեպքում այն կլինի Բայդեն-Սի Ծինփին առաջին հանդիպումը, մինչ հիմա նրանք շփվել են հեռախոսազույցներով։

Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը ընդհանուր ձևակերպումներով հաղորդում է, որ երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ այլ խնդիրներ։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Ժաո Լիյանը այսօրվա ճեպազրույցում ասել է, որ նախագահ Սի Ծինփինը բաց և անկեղծ քննարկում է ունեցել ամերիկացի գործընկերոջ հետ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով լայն օրակարգի հարցեր, այդ թվում՝ Պեկինի մտահոգությունները Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան հնարավոր այցի հետ կապված։

Նրա փոխանցմամբ՝ Թայվանի խնդրից բացի, Սի Ծինփինը ընդգծել է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկու երկրները պետք է կապեր պահպանեն մակրոտնտեսական քաղաքականության, ապահովեն պարենային գլոբալ մատակարարումների շղթան և էներգետիկ անվտանգությունը։

ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահների հեռախոսազրույցից հետո Թայվանը շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար և հայտարարել, որ անվտանգության ոլորտում կշարունակի խորացնել գործընկերությունը», - նշված է Թայվանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունում։

Թայվանի հարցում Ռուսաստանը պաշտպանում է Պեկինի «մեկ Չինաստան» քաղաքականությունը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ Թայվանի հարցում Ռուսաստանը պաշտպանում է Պեկինի «մեկ Չինաստան» քաղաքականությունը։ Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում Լավրովն ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, կա միայն մեկ Չինաստան և նրա ինքնիշխանության սկզբունքի հետ կապված խնդիր չունեն։ Տաշքենդում Լավրովը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների համաժողովին, որի շրջանակներում նախօրեին հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկերոջ հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Թայվանի հարցում Մոսկվան համերաշխ է Պեկինի հետ:

Վերջին անգամ ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակը Թայվան է այցելել քառորդ դար առաջ՝ 1997 թվականին, այն ժամանակվա խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը։ ԱՄՆ-ում իշխանության թևերի հավասարազորության պայմաններում գործադիր վարչակազմը չի կարող վերահսկել օրենսդիր մարմնի անդամների այցերը։ Փելոսիի այցի հետ կապված Բայդենը վերջերս ասել էր, թե ամերիկացի զինվորականների կարծիքով այս պահին նման այցը լավագույն գաղափարը չէ։

Ըստ փորձագետի, Փելոսիի այցին Չինաստանը միանշանակ կոշտ պատասխան կտա

Թայվանի մայրաքաղաք Թայբեյի բնակիչների կարծիքները Փելոսիի չհաստատված այցի վերաբերյալ միանշանակ չեն:

70-ամայ թոշակառու Յուի կարծիքով՝ նա Թայվան է գալիս ԱՄՆ-ի կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համար։ «Նա ցանկում է ուշադրություն գրավել, ցուցադրելու, որ կանգնած է ժողովրդավարության և ազատության կողքին, դիմակայելու Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ Հիմնական նպատակը Չինաստանի դեմ պայքարելն է»:

Ազգային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Կոու Յու-Յենի կարծիքով՝ Փելոսիի այցին Չինաստանը միանշանակ կոշտ պատասխան կտա: «Չինաստանը կպատժի Թայվանին, բայց կարծում եմ՝ Փելոսիի այցի ընթացքում ռազմական գործողություն չի լինի»։

Թայվանի վարչապետը երախտագիտություն է հատնել Նենսի Փելոսին։

«Մենք շատ երախտապարտ ենք խոսնակ Փելոսիին, ով երկար տարիներ մեծ աջակցություն և բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել Թայվանի նկատմամբ» ,- ասել է Թայվանի վարչապետը։

XS
SM
MD
LG