Մատչելիության հղումներ

Պեկինը Թայվանին հարող մի շարք շրջաններ ոչ թռիչքային գոտի է հայտարարել


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին զուգահեռ Պեկինը կղզուն հարող մի շարք շրջաններ ոչ թռիչքային գոտի է հայտարարել ՝ մինչև գալիք կիրակի խորհուրդ տալով բոլոր ավիաընկերությունների օդանավերին շրջանցել այդ տարածքները։

Այդ մասին այսօր գրել է Bloomberg-ը՝ նշելով, որ չինական իշխանությունների նման որոշման պատճառը Փելոսիի այցի մեկնարկից անմիջապես հետո Թայվանի նեղուցում մեկնարկած զորավարժություններն են։

Դրանց մասնակցում են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ, մի քանի տասնյակ միավոր ռազմանավ և օդանավ։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, զորավարժությունների ընթացքում չինական բանակը մարտական սպառազինություն, այդ թվում՝ հեռահար հրետանի է կիրառում։

«Այս գործողությունները Միացյալ Նահանգների կողմից Թայվանի հարցում վերջին բացասական քայլերը զսպող լուրջ գործոն են հանդիսանում ինչպես նաև նախզգուշացում են այն ուժերին, որոնք հանդես են գալիս հօգուտ կղզու «անկախության» հռչակման», - նշված է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի Արևելյան հրամանատարության կողմից երեկ ուշ երեկոյան տարածված հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG