Մեկնարկել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի ասիական շրջագայությունը։ Ամերիկացի կոնգրեսականները` խոսնակի գլխավորությամբ, ժամանել են Սինգապուր։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Փելոսին և նրան ուղեկցող ամերիկացի օրենսդիրները այցելելու են նաև Մալայզիա,Հարավային Կորեա և Ճապոնիա։
Փելոսիի շրջագայությունը լուրջ ուշադրության արժանացավ դեռ մինչև դրա մեկնարկը, երբ սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որոնց համաձայն` ամերիկյան պատվիրակությունը կարող է ժամանել նաև Թայվան։ Շրջանառվող այս լուրերին ի պատասխան` պաշտոնական Պեկինը, որ կղզին համարում է իր անբաժան մասը, զգուշացրեց, որ ամերիկացիների ժամանումը Թայվան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
«Չինական բանակը երբեք անհաղորդ կերպով չի հետևի Փելոսիի հնարավոր այցին Թայվան», - հայտարարել էին չինական իշխանությունները։
Սպիտակ տանը ևս կարծիք էին հայտնել, որ «այս պահին նման այցը լավագույն գաղափարը չէ»։