«Ամերիկացի օրենսդիրներն անում են հնարավորը, որպեսզի Թայվանը կարողանա արդյունավետորեն պաշտպանվել», - կղզի կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին։
«Կարծում եմ, որ ուղերձը պետք է շատ հստակ լինի։ Կոնգրեսում՝ թե՛ Ներկայացուցիչների տանը և թե՛ Սենատում, դեմոկրատներն ու հանրապետականները հավատարիմ են Թայվանի անվտանգության հարցում ստանձնած հանձնառություններին, որպեսզի Թայվանը կարողանա արդյունավետորեն պաշտպանել իրեն։ Բացի այդ, այս ամենը նաև ժողովրդավարության մեր ընդհանուր արժեքների մասին է։ Այս հարցում Թայվանը օրինակ է ծառայում ողջ աշխարհի համար», - հայտարարում էր Փելոսին։
Անդրադառնալով իր այցին՝ պաշտոնական Պեկինի կտրուկ արձագանքին, Փելոսին ենթադրել է, որ դրա պատճառը Չինաստանի նախագահի շուրջ ստեղծված բարդ ներքաղաքական կացությունն է։
«Գուցե դա է պատճառը, որ նա սուր է ճոճում», - ենթադրել է Փելոսին։