Պետք է ակտիվորեն քննարկենք Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան - Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը, երեկ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման. Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ նման գաղափար կա։
«Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման համար ռուսական զորակազմի առկայությունը միջազգային երաշխիք է:
«Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է», - ընդգծել է ԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով ամիսներ առաջ հարաբերությունների կարգավորման համար Բաքվի ներկայացրած հինգ կետանոց առաջարկին, Արմեն Գրիգորյանն վերստին հաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ դրանցում անընդունելի ոչինչ չկա։
Ամիսներ առաջ պաշտոնական Երևանը արձագանքելով Բաքվին, հայտարարում էր՝ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, որտեղ ներառված կլինի նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ չհստակեցնելով, սակայն, թե Լեռնային Ղարաբաղի համար ինչպիսի կարգավիճակ են պատկերացնում: Երևանը միայն նշում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
Հենց այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փողոց դուրս եկավ՝ պնդելով, որ իշխանություններն Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։ Բաքուն և՛ պատերազմից անմիջապես հետո, և՛ հիմա շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն այլևս չունի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս դժգոհել էր՝ թե իրենք արդեն ձևավորել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ։ Շուրջ մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ «մեծ հաշվով Հայաստանն ընթանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով»։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԱԽ քարտուղարը տեղեկացրել է՝ առաջընթաց կա կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որը համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:
Պատասխանելով Բաքվի պնդումներին, թե Երևանն է ձգձգում մի շարք հարցերի լուծումները Արմեն Գրիգորյանն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, օգոստոսին էլ Մոսկվայում նախատեսված է սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը։
Չնայած առաջընթացի մասին հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը փակուղում է. Իսկանդարյան
Չնայած առաջընթացի մասին հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը փակուղում է, վստահ է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Եվ հենց դա է, ըստ նրա, պատճառը, որ Երևանը դիտարկում է Ղարաբաղի հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններից անջատ քննարկելու տարբերակը:
«Մի շարք ուղղություններ կան. առաջինը կոմունիկացիաների բացումն է, ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ միջանցքի հարցը, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանագծումը, որը, մեղմ ասած, դեռ այդքան էլ հեռու չի գնացել, այս գործընթացը սկսել դեռ չի հաջողվում, երրորդը խաղաղության պայմանագրի հարցն է, և հասկանալի է, որ Ադրբեջանը նախապայման է բերում իր տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա մի փակուղի է, որտեղից պարզ չէ, ինչպես դուրս գալ», - նշեց Իսկանդարյանը։
Մինչ իշխանությունները խոսում են Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հրամայել է «պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը» ու հանձնարարել է «ավելացնել դաշտային վարժանքների ինտենսիվությունը և բարձր պահել ստորաբաժանումների մարտական մակարդակը»։
Նման հայտարարություններ Բաքուն հաճախ է անում՝ ճնշում գործադրելու ու սպառնալու համար, ասում է Կովկաս Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. - «Այս հայտարարություններով և ասում են՝ ստորագրեք ամեն ինչ ու հանձնեք, մյուս կողմից սպառնում են։ Սա սպառնալիքների միջոցով մշտապես ճնշում գործադրելու մարտավարություն է, ընդ որում՝ սպառնալիքները ոչ միայն խոսքերով են լինում, այլև հրաձգություններով, սահմանային լարումներով»:
Հայաստանի զինված ուժերի նորանշանակ շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ շարունակում է զորամիավորումներում ստուգումներ անցկացնել, որոնց նպատակը Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները ստուգելն է։