Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը վերահաստատում է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։
Թբիլիսիում մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ դարձյալ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
Միչդեռ 2020-ի արյունալի պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղ հարց լուծված է, Մինսկի խմբի անելիքն՝ ավարտված։
Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն էլ, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն:
«Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտգործնախարարը, ըստ հաղորդագրության, նաև անդրադարձել է հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով «մոտ 4000 անհեյտ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարևորությունը»։
Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո Երևանը և Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդում։
«Դե իրականում ես որևէ առանձնահատուկ բան չտեսա այդ հաղորդագրության մեջ, ստանդարտ ինչ-որ տեքստ է, որը համապատասխանում է հայկական կողմի պատկերացումներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Մինչ երկկողմ բանակցությունները կողմերը առանձին-առանձին հանդիպում են ունեցել Վրաստանի վարչապետի հետ, բայց Միրզոյան- Բայրամով հանդիպումը անցել է առանց միջնորդների, ինչը աննախադեպ է։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ հանդիպումը հնարավոր է դարձել օրերս Երևան ու Բաքու այցելած Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերով։ Վերջինս այսօր ողջունել էր։
«Ակնհայտ էր, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Տոյվո Կլաարի միջնորդությամբ, որը մինչ այդ ժամանել էր տարածաշրջան ու գտնվում էր Երևանում և Բաքվում: Գիտենք, որ մինչ այդ նախատեսվում էր անցկացնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովների հանդիպումը Մոսկվայում, որը սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, այդ առումով կարծես թե այս հանդիպման առանցքային խնդիրը հենց դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրն է եղել, և այդ հանդիպման ընթացքում կողմերը երևի փորձել են ինչ-որ չափով մոտեցնել այդ հարցերում իրենց օրակարգը», - ասաց Գրիգորյանը:
Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
Իր վերջին՝ հունիսի 28 -ի առցանց ասուլիսին վարչապետը դժգոհեց, որ Ադրբեջանը չի արձագանքում արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկին, ինչպես նաև Փաշինյանի տեղեկացմամբ Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպմանը։
Ըստ Գրիգորյանի, խնդիր այն է, որ օրակարգում առկա տարածաշրջանի ապաշրջափակման ինչպես նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի հետ կապված հարցերում Ադրբեջանը որպես նախապայման ներկայացնում է խաղաղության պայմանագիրը և հենց այստեղ է, որ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում։
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կարծես թե այս փուլում մյուս երկու գործընթացները պայմանավորում է հենց այդ խաղաղության պայմանագրի գործընթացի հետ: Այսինքն այս փուլում գլխավոր խնդիրը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որով Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կհրաժարվի արցախյան հիմնահարցում իր բոլոր պահանջներից», - նշեց քաղաքագետը:
Երեկ խոսելով արտգործնախարարների հանդիպման մասին՝ Ադրբեջանի նախագահն, ի դեպ, հույս էր հայտնել, որ այն արդյունավետ կլինի՝ շեշտելով, թե դրա լավագույն արդյունքը կարող է լինել հայկական կողմից խաղաղության պայմանագրի աշխատանքային խմբի ձևավորումը:
«Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ»,- դժգոհել էր Իլհամ Ալիևը։
Քաղաքագետն ասում է՝ դժվար է կանխատեսել ինչ քայլեր կարող են հաջորդել հանդիպմանը և նոր ավելի բարձր՝ Փաշինյան - Ալիև մակարդակով հանդիպում կլինի, թե՝ ոչ։
Հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար պաշտոնական Երևանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ըստ հաղորդագրության Միրզոյանը, սակայն, շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։