Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, արխիվ, Բաքու:

APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան խոսել է խաղաղություն կնքելու համար Բաքվի կողմից Երևանին փոխանցված առաջարկների մասին:

Նա նշել է, որ չնայած խաղաղություն հաստատելու մասին ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարություններին, Հայաստանի կողմից առայսօր արձագանք չի եղել:

«Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու շուրջ, եթե Հայաստանն ընդունի այս 5 հիմնարար սկզբունքները»,- հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Ըստ Աբդուլաևայի, հինգ կետից բաղկացած փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են՝

-Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,

-Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքից միմյանց անվտանգության նկատմամբ, զերծ մնալ սպառնալիքից և ուժից միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,

-Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,

-Կողմերը պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները, հաստատել համապատասխան այլ կոմունիկացիաներ և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս բնագավառներում:

«Այդ հիմնարար սկզբունքների շուրջ անցկացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքի հասնելուն ուղղված բանակցություններ, երկու պետությունները կկարողանան ավարտել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը խոսել էր խաղաղության հիմնարար փաստաթղթի ստորագրման առաջարկից՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը հեշտությամբ կընդունի ադրբեջանական նոր փաստաթուղթը»։

Իսկ այսօր Երևանը պատասխանել էր Բաքվից փոխանցված առաջարկներին` նշելով, որ դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG