Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախումը իրատեսական է և տրամաբանական, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». Ձեզ լավատեսություն ներշնչո՞ւմ է, որ չորրորդ հանդիպման արդյունքներով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց տեղի ունեցավ, և գետնի վրա ինչ-որ պայմանավորվածություններ կան՝ երրորդ անձանց համար սահման բացել, օդային բեռնափոխադրումներ անել:
Նժդեհ Հովսեփյան. - Ես դրան պոզիտիվ եմ նայում, որովհետև բանակցությունները շատ կարևոր են և անհրաժեշտ. որոշակիորեն չեզոքացնում են պատերազմի վտանգը, իհարկե, չեն լուծում, բայց չեզոքացնում են: Իսկ հատկապես Թուրքիայի հետ մենք բանակցելու շատ բան ունենք, անընդհատ խոսելու շատ կարիք ունենք, որովհետև Թուրքիան ի սկզբանե եղել է Հայաստանի ռազմական հիմնական անվտանգային սպառնալիքը և ինչքան շատ խոսես անվտանգային այն սպառնալիքիդ հետ, որը ռազմապես քեզանից առնվազն մի քանի տասնյակ, հարյուրավոր անգամներ գուցե գերակշռում է, այնքան քո օգուտն է լինելու: Բայց մի ուրիշ միֆ էլ կա դրա տակ, հիմա էլ դեռևս շարունակում է լինել, իմ կարծիքով, դա այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները առանձին, զատված գործընթացներ են: Ես, ցավոք, չեմ կարծում, որ իրողություններն այդպիսին են:
«Ազատություն». - Դե պաշտոնական Երևանի պնդումն է:
Հովսեփյան. - Ես խոսում եմ փորձագիտական տրամաբանությամբ, ոչ թե քաղաքական, ես խոսում եմ նրա մասին, որ մենք քաղաքականություն մշակելիս այս ելակետն ունենանք, թե չէ պաշտոնական հայտարարություններում շատ բան կարելի է ասել: Ասածիս իմաստն այն է, որ մենք պիտի ընկալենք, որ հայ-թուրքական հարաբերությունների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը մեկ փուլով, իրար հետ գնացող զուգահեռ պրոցեսներ են: Դրա մասին խոսել են նաև Թուրքիայի ղեկավարները, խոսել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը: Իրենք միշտ իրար հետ կոնտակտների մեջ են, ամեն հարցում իրար հետ զրուցում են, ամեն ինչ համաձայնեցնում են:
Հիմա ո՞րն է մեր շահը այս ամբողջ պրոցեսի մեջ՝ հասկանալու, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունները, ըստ էության, նույն, մեկ հակամարտության ընդամենը երկու թևերն են, և դրանք զարգանալու են նույն պրոցեսի տրամաբանությամբ: Դրա լավագույն փորձը, ի դեպ, ունի Սերժ Սարգսյանը իր ֆուտբոլային դիվանագիտությունը սկսելիս. զուգահեռ պրոցեսներ էին գնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում, ու ըստ էության երկու պարագայում էլ փակուղին միաժամանակ է եղել: Իրենք էլ լավ հասկանում էին, բազմաթիվ փաստաթղթեր կան նաև «Վիկիլիքս»-ում էլ գաղտնազերծված, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան ընդունում ամերիկացի դիվանագետների հետ մասնավոր զրույցներում, որ՝ այո, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն, ըստ էության, իրար հետ են գնում: Հետևաբար պաշտոնական հայտարարությունները թող լինեն պաշտոնական հայտարարություններ, բայց մենք քաղաքականություն մշակելիս, փորձագիտական պատկերացում ունենալիս հարցերի վերաբերյալ պիտի սրանք համարենք մեկ պրոցեսի երկու թև և հասկանանք, թե էդ երկու թևերից որտեղ ինչ խաղալու հնարավորություններ ենք ունենալու և դրանից բխող նաև ինչ կարող ենք քաղել երկու պրոցեսներից: Այնպես չի լինելու, ցավոք սրտի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանները բացվեն ու մենք Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չունենանք՝ առնվազն այսօրվա ստատուս քվոյի տրամաբանությամբ: Դա չի լինելու:
Հիմա այստեղ հարց է առաջանում՝ մեզ համար ո՞րն է ավելի գերակա, օրինակ, նույն Սերժ Սարգսյանը ժամանակին շատ մեծ սխալ թույլ տվեց, իմ կարծիքով, որ ինքը Ղարաբաղի հարցում 10-11 թվականներին չգնաց էական փոփոխությունների, ստատուս քվոյի քանդմանը չգնաց, որը կբերեր նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, արդեն պրոտոկոլները ստորագրված էին, շատ մեծ առաջընթաց կար այդ ֆրոնտում, հետևաբար, ինքը նախընտրեց ստատուս քվոն, որի միջոցով չեղարկեց հայ-թուրքական պրոցեսը, դրանք փոխկապակցված էին: Հետևաբար հիմա մենք էլ պետք է հասկանանք, թե որ ստատուս քվոն է մեզ համար ավելի կարևոր՝ շարունակել փակ սահմաններով հակառակվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսին, դա ավելի կարևոր է, ավելի նախընտրելի է և դա ինչ է տալիս մեզ:
Այդ գաղափարը տարածվում է Հայաստանում, նորից սկսել է թևեր առնել, էդ պաշարված ամրոցի գաղափարն է, որ մենք պաշարված ամրոց ենք, բնական ամրոց ենք տարածաշրջանում: Սա շատ վտանգավոր երևույթ է, որովհետև ի՞նչ է լինում պաշարված ամրոցի հետ սովորաբար, գրավում են այդ ամրոցը:
«Ազատություն». - Հակառակն էլ կա, Հայաստանի ընդդիմությանը վկայակոչեմ, որ այս անգամ կուլիսներում հայ-ադրբեջանական հարցում ինչ-ինչ համաձայնություններ կան, դրա համար հայ-թուրքական պրոցեսը շարժվում է տեղից:
Հովսեփյան. - դե դա դավադրապաշտական տեսություն է, ընդդիմությունը հաճախ պիտի նաև կարողանա հակակշռել իշխանություններին իր սթափ խոսքով, այսինքն՝ ընդդիմությունը ցույց տա ճանապարհներ, ուղիներ՝ մի քիչ ավելի զատ լինելով իր խոսքի մեջ: Բայց մենք այս պարագայում տեսնում ենք, որ ընդդիմությունը ոչ միայն ցույց չի տալիս այդ ուղիները, էլ չասեմ էդ երազային հայտարարությունների մասին, որոնց իրենք էլ չեն հավատում, ամենավատը հենց դա է: Այսինքն՝ Շուշիի և Հադրութի ազատագրմանը բանակցությունների ճանապարհով, խոսում են մարդիկ, ովքեր Ղարաբաղի 7 շրջաններից ոչ մեկից մի գյուղ անգամ պատրաստ չէին բանակցությունների ճանապարհով տալու, հետևաբար փարիսեցիությունը շատ վտանգավոր բան է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև