Ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու հարցին Ազգային ժողովի խորհուրդը վաղը երեկոյան կանդրադառնա։
Նախագիծն արդեն հրապարակվել է խորհրդարանի կայքում: Հիմնավորումը 6 ամսվա մեջ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայություններն են։ Ազգային ժողովը դիմողն է, մանդատներից զրկել-չզրկելու որոշումը ՍԴ-ն է կայացնում։ Հենց դիմելու հարցը պիտի որոշվի խորհրդում, որտեղ մեծամասնություն ունի իշխող խմբակցությունը։
Մանդատներից զրկվելու վտանգի առաջ են հայտնվել «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությունը, բացակայում են վերջերս մանդատ ստացած Մարտուն Գրիգորյանի և Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի անունները։ Թե ինչո՞ւ ընդդիմության բոյկոտին միացած Թովմասյանի անունը չկա ցանկում, երկրորդ օրն է՝ հնարավոր չէ պարզել։
Ընդդիմությունը խորհրդի վաղվա արտահերթ նիստին չի մասնակցի
Ընդդիմադիր 2 խմբակցությունները որոշել են՝ 33-ից ոչ մեկը խորհրդի վաղվա արտահերթ նիստին չի մասնակցի, «Ազատությանը» փոխանցեցին «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանն ու «Հայաստան»-ից՝ Գեղամ Մանուկյանը։
ԱԺ-ի նախկին փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական ու խորհրդարանական ճգնաժամ կա, եթե գնան ընդդիմադիրներին մանդատներից զրկելու ճանապարհով, նաև սահմանադրական ճգնաժամ է առաջանալու:
«Իրենք մեզ հայրենիքից են զրկել, 5000 հայորդու իրենց կյանքից են զրկել, դրանից հետո, բնականաբար, փորձ անելու են նաև ընդդիմադիր խմբակցություններին մանդատից զրկելու: Էդ մանդատը ոչ Ալեն Սիմոնյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը չեն տվել մեզ, տվել է ժողովուրդը, շուրջ 330 հազար քաղաքացի, տվել է շատ հստակ ուղերձով ու օրակարգով: Մենք շարունակում ենք սպասարկել մեզ քվե տված քաղաքացիների օրակարգը», - ասաց Սաղաթելյանը:
Իրենց նախաձեռնությամբ այս պահին, ասաց, չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից. - «Բոլոր նրանք, ովքեր միամտորեն կամ դիտավորյալ անընդհատ մեզ կոչ էին անում՝ «պետք է մանդատները վայր դնեք», այս քայլից հետո կհասկանան, որ եթե այդ մանդատներից զրկելու գործընթացը հետապնդում են «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը, ուրեմն ամեն ինչ ճիշտ էր, մինչև հիմա առնվազն այդ մանդատները վայր չդնելը: Եթե հիմա կանեն դա, դրանից հետո, ըստ իրավիճակի, կորոշենք մեր քայլերն ու հերթականությունները»:
Փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու 2.5 ամիս խորհրդարանական աշխատանքին չմասնակցող ընդդիմությունը հայտարարում է՝ իրենք քաղաքական բոյկոտ են անում։ Մանդատներից զրկելու գործընթաց նախաձեռնած իշխանությունը տեղի ունեցողը քաղաքական ճնշում համարողներին մատնանշում է օրենքը՝ բացակայել են, պետք է պատասխան տան։
Մոտ 2 շաբաթ առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։
«Մենք, ըստ էության, ճիշտ որոշում ենք կայացրել, նույնը նաև վերաբերելու է մանդատներին, եթե մենք կայացնենք այդ որոշումը: Այստեղ հարցը նրանում է, որ եթե մենք այդ որոշումը կայացնում ենք, ուրեմն մենք այդ որոշումը հիմնավորում ենք նաև հաշվի առնելով կարծիքները, զեկույցները ու գնահատականները այդ պրոցեսի վերաբերյալ», - նշեց իշխանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ի՞նչ կարծիք ունեն ընտրողները՝ ընդդիմադիրներին պետք է զրկել, թե չզրկել մանդատների:
«Եթե պատգամավորները չեն գալիս, չեն աշխատում, ուրեմն պիտի զրկվեն», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Ինչի՞ համար, ժողովրդի ընտրած պատգամավորներ են, ընդդիմությունը ժողովուրդ չի՞, միայն իշխանությո՞ւնն ա ժողովուրդ, միանշանակ սխալ ա», - նշեց մեկ այլ քաղաքացի:
16 հոգանոց խորհրդում իշխանությունը 13 ձայն ունի, ՍԴ դիմելու որոշում կարող է հեշտությամբ ընդունել։ Մինչ ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվում, այդ թվում՝ մամուլում, թե իշխանությունը հակված է Փաշինյանին սուր քննադատած միայն մոտ մեկ տասնյակ ընդդիմադիրների հարցով դիմել ՍԴ, ՔՊ-ում չեն շտապում հստակ կարծիք հայտնել։
«Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները դեռևս շարունակում են խոսել նրա մասին, որ չեն գալու Ազգային ժողովի նիստերին, ընդհուպ սեպտեմբերի, և ըստ էության, եթե անգամ այս պահին կայացվի մի որոշում, որով չի ուղարկվի Սահմանադրական դատարան այս հարցը, ապա սա չի բացառում, որ մենք պարզապես փակել ենք այս հարցը: Մենք այս հարցին հնարավոր է անդրադառնանք մի փոքր ուշ՝ հաշվի առնելով ընդդիմադիր պատգամավորների պահվածքը», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ընդդիմադիրների բացակայության պայմաններում խորհրդում հարցի քննարկումը կհետաձգվի մեկ շաբաթով ու տեղի կունենա արդեն անկախ նրանց ներկայությունից: Բայց ԱԺ-ը երկու օրից պաշտոնապես արձակուրդ է մեկնում, իսկ այս սցենարը օրենքում նկարագրված չէ։ ԱԺ-ից այս պահին չեն հստակեցնում, եթե խորհրդի նիստը հետաձգվի, մեկ շաբաթ անց այն կանցկացվի, թե կտեղափոխվի սեպտեմբեր։