Մատչելիության հղումներ

Հայկ Մամիջանյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Տիգրան Աբրահամյանը՝ քարտուղար․ ՀՀԿ-ն նոր թեկնածուներ է առաջարկել


Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Տիգրան Աբրահամյանը ԱԾ նիստերից մեկի ժամանակ, սեպտեմբեր, 2021թ
Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Տիգրան Աբրահամյանը ԱԾ նիստերից մեկի ժամանակ, սեպտեմբեր, 2021թ

«Պատիվ ունեմ» դաշինքն այլևս գոյություն չունի, երեկ հայտարարել է Հանրապետական կուսակցությունը՝ Գործադիր մարմնի նիստից հետո՝ նշելով, որ ի գիտություն է ընդունվել «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը և «արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը»։

Ազգային ժողովում նույնանուն խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։

«Կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքը եղել և մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ», - ասված է հաղորդագրությունում։

Կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը տեղի է ունեցել ՀՀԿ կենտրոնակայանում՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։

Արթուր Վանեցյանը հունիսի վերջին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրեց, որ իրեն այլևս չի տեսնում այս խորհրդարանում․ - «ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»։

Ընդգծելով, որ պատգամավորական մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր երկրին ու պետականությանը ծառայելու համար՝ Վանեցյանը շեշտել էր՝ այդ գործիքն այսօր այլևս իր համար կիրառելի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG