Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում դեռ չեն հստակեցնում՝ պահում են պատգամավորական մանդատները, թե հրաժարվում


Արթուր Վանեցյան, Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, արխիվ
Արթուր Վանեցյան, Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, արխիվ

Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ում չեն հստակեցնում՝ իրենք ինչ որոշում ունեն՝ պահում են պատգամավորական մանդատները, թե հրաժարվում, ինչպես նախօրեին արեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հայրենիք»-ից ու ՀՀԿ-ից կազմված 6 հոգանոց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության մեծամասնությունը՝ 4-ը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են՝ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանն ու Աննա Մկրտչյանը։ Թագուհի Թովմասյանն անկուսակցական է։

Օգտագործելով Վանեցյանի նույն ձևակերպումը, որ «պատգամավորական մանդատն իր համար ինքնանպատակ չի եղել», նախկին իշխանական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել էր՝ «մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն»՝ այդպես էլ չհստակեցնելով իրենց հետագան անելիքները:

Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան

«Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ»,- գրել է Աշոտյանը՝ չմանրամասնելով նաև հետագա մարտավարությունը։

Հանրային հեռուստաընկերության եթերում Արթուր Վանեցյանը ևս Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման հասնելու իր օրակարգը չբացահայտեց։ Խոսելով «Դիմադրության» շարժման մասին՝ ասաց՝ ավելի արդյունավետ կլինի պայքարը տարբեր ուղղություններով շարունակել։

Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան

«Առանձնանում եմ, որովհետև ես հանդիսանում եմ քաղաքական ուժի ղեկավար, և այդ քաղաքական ուժը որոշել է իր օրակարգով առաջնորդվի: Ես ունեմ իմ օրակարգը, գնում եմ իմ օրակարգով։ Վերջնական նպատակը՝ ճանապարհները և ուղիները, որով պետք է հասնենք այս նպատակին, այս փուլում որոշակի տարբերություն կա։ Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը և մնացած գործողությունները կտեսնեք», - ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր մյուս՝ 29 հոգանոց «Հայաստան» խմբակցությունը չի հրաժարվի մանդատներից, փոխանցեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Մանդատները մեզ տվել է ժողովուրդը, կոնկրետ մանդատ՝ կոնկրետ առաքելությամբ, որի շրջանակներում է նաև «Դիմադրության» շարժումը: Եվ մեր մանդատը մենք նաև Ազգային ժողովում կիրառելու ենք մեր օրակարգով՝ այս իշխանության հեռացում, Փաշինյանի հեռացում՝ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի, անվտանգության ու պետականության», - ընդգծեց Մանուկյանը:

Ինչպես Վանեցյանի հրաժարականի որոշումը, այնպես էլ նրա հայտարարությունը, որ ընդդիմադիրները տարբեր պատկերացումներ ունեն իշխանափոխության ճանապարհների հարցում, Մանուկյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել:

«Պատիմ ունեմ» խմբակցության ղեկավարի՝ մանդատը վայր դնելու փաստարկը հետևյալն էր՝ Ազգային ժողովն իր համար դադարել է լինել իշխանափոխության հասնելու արդյունավետ հարթակ, որոշել են շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։

«Ընթերցել եմ հայտարարությունը, հարգանքով ենք վերաբերվում: Արթուր Վանեցյանի հետ եղել է համատեղ պայքար, և վստահ եմ, որ շարունակվելու է: Արթուր Վանեցյանն էլ ակնարկել է, որ այս իշխանությունների հեռացման պայքարը չի դադարել, նշանակում է, որ դեռ համատեղ ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենք», - ասաց Մանուկյանը:

«Ազատության» հարցին՝ զրուցե՞լ է ՀՀԿ-ի հետ, նրանք մնո՞ւմ են «Դիմադրության» շարժման մեջ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ն նման ոչ մի հայտարարություն չի արել, ավելին, որքան որ Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո էլ հնչել է, ՀՀԿ-ն շարունակում է պայքարը»:

ԱԱԾ նախկին տնօրենը երեկ, ըստ էության, նաև ՀՀԿ-ի հետ կապերը խզելու մասին հայտարարություն արեց՝ ֆեյսբուքում գրել էր՝ կուսակցության որոշմամբ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ նախընտրական շրջանում ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Բայց բաժանումը, կարծես, խաղաղ էր։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույն հարթակում արձագանքել էր Վանեցյանին, որ նրա ու կուսակցության որոշմանը մոտենում է «հարգանքով»։ Ինքը՝ Վանեցյանը վստահություն հայտնել, որ իրենք դեռ միասին ճանապարհ կանցնեն։

XS
SM
MD
LG