Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից


«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Պատգամավորի մանդատը վայր դնելու պատճառների մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը Ֆեյսբուքում է գրել։ Ասում է՝ այդ քայլին է գնացել, քանի որ, կարծում է, որ Ազգային ժողովը դադարել է լինել իշխանափոխության հասնելու արդյունավետ հարթակ. - «Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։ Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ, այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։

«Հայրենիք»-ի ղեկավարն իր գրառման մեջ նշել է, որ կուսակցության որոշմամբ փաստացի դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

Վանեցյանը Հանրապետականի հետ անցկացրած ճանապարհը կարճ, սակայն հագեցած է համարում. - «Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու, և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու, որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար։ Այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»։

Հեղափոխությունից հետո նշանակված և մինչև 2019 թվականի սեպտեմբերը Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Վանեցյանը իր գրառման մեջ նաև հայտնել է, որ շարունակելու է պայքարը։ Թե ինչ ձևաչափով, պատգամավորն այսօր հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Խոստացավ, որ ավելի ուշ կխոսի։

Փաշինյանի երբեմնի դաշնակիցն առաջինն էր, որ դեռ գարնանը «Ազատության» հրապարկում բողոքի ակցիա սկսեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու պահանջով։ Ավելի ուշ նա «Ազատությանն» ասել էր՝ եթե չհաջողեն, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնալու։

Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ եթե նա այդ յոթ օրերի ընթացքում դիմումը հետ չվերցնի։

Ըստ Ազգային ժողովի լրատվականի վերջին տվյալի, Վանեցյանը քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորներից է։

«Պատիվ ունեմ» նախընտրական ցուցակում հաջորդը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ Առայժմ հայտնի չէ՝ նա կվերցնի մանդատը, թե ոչ։ Հստակ չէ նաև, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքը։

Խմբակցության մյուս պատգամավորները մեր զանգերն անպատասխան են թողնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG