Մատչելիության հղումներ

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին. քաղաքագետ


Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն այսօր առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Երևանն ու Անկարան ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Այս հեռախոսազրույցը Փաշինյանի և Էրդողանի առաջին ուղիղ շփումն է. թե որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել, Հայաստանի կառավարությունից չպարզաբանեցին, փոխանցեցին, որ հաղորդագրությունից զատ ոչինչ հաղորդել չեն կարող։ Այսօրվա զրույցում երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Երևանը, ոչ էլ Անկարան դեռ չեն հստակեցնում։

Լուրջ քայլ առաջ. գնահատական

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին, սակայն պետք չէ այն գերագնահատել. «Սա քայլ է, իհարկե ոչ պետք է թերագնահատել, ոչ գերագնահատել այս քայլի նշանակությունը հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, սա քայլ առաջ է, և հենց այդպես էլ պետք է վերաբերվել այս իրադարձությանը: Այստեղ մեկնաբանությունները կարող են լինել տարբեր` մի հոսքը կարող է ասել, որ կա բովանդակային գործընթաց, և այդ բովանդակային գործընթացը վերջնարդյունքում կունենա հարաբերությունների կարգավորում, մյուս տեսակետն էլ կարող է լինել այն, որ Թուրքիային շարունակում է պետք լինել ոչ թե բովանդակությունը, այլ ձևը, և Թուրքիան շահագրգռված է ավելի շատ իմիտացիա ստեղծելու հարաբերությունների կարգավորման, քան հարաբերությունների կարգավորմամբ իրականում զբաղվելը: Ինձ թվում է, ինչպես հաճախ է լինում, իրականությունը ինչ-որ մի տեղ կենտրոնում է»:

Հայ և թուրք բանագնացների հանդիպումից օրեր անց՝ անցած շաբաթ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր հայաստանյան գերատեսչություններին կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Եվ իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել էր վարչապետը:

Արեգ Քոչինյանը բանագնացների Վիեննայի հանդիպման արդյունքները հարաբերություններում մեծ քայլ չի համարում, սակայն գնահատում է որպես առաջընթաց. «Ինչպես նշեցի, ցանկացած քայլ առաջ, ցանկացած հավելյալ պայմանավորվածություն ավելի լավ վիճակ է ստեղծում, քան մինչև դա էր: Օբյեկտիվորեն ես համաձայն եմ, որ թե ուղիղ բեռնափոխադրումները Երևան-Ստամբուլ օդային ճանապարհով և թե երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը խոշոր փոփոխություն չեն հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, բայց այդ փոփոխությունն ավելի լավն է դարձնում հայ-թուրքական օրակարգը, քան մինչև դա էր, և դրանով իսկ այն ողջունելի է, և այն դրական պետք է համարել», - ասաց նա:

Բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ օրս արդեն չորս հանդիպում են ունեցել, բոլոր հանդիպումներից հետո վերահաստատել են բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը, չնայած Անկարան, ինչպես և Բաքուն, մշտապես խոսում է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչպես նաև ընդգծում, որ հայ-թուրքական կարգավորումը կոորդինացնում է իր դաշնակից Ադրբեջանի հետ։

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:

Բանակցությունների ամենաշոշափելի արդյունքը այս պահի դրությամբ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է։ Այս գործընթացի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտին մեկնել էր Անթալիա` մասնակցելու դիվանագիտական ֆորումին՝ դառնալով վերջին տասնամյակում առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան, որ այցելել է Թուրքիա:

Իսկ Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ վերջին տասնամյակներին այցելել է Հայաստան, այդ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլն է՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։ Նա 2008-ի սեպտեմբերին էր ժամանել Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը մեկնեց Բուրսա և Գյուլի հետ դիտեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը: 2009-ին Սերժ Սարգսյանն ու այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էին Դավոսում։ Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներումում՝ 2008-2010 թվականներին, Հայաստան են այցելել նաև Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն:

Երևան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան եղել է հենց Դավութօղլուն, որը 2012-ի դեկտեմբերին Հայաստանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների խորհրդաժողովին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG