Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:

Կրեմլի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 1-ին Վիեննայում, որի ժամանակ Երևանն ու Անկարան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար և սկսել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG