Երևանն ու Անկարան վերահաստատում են պատրաստակամությունը` շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, այսօր Անթալիայում հայտարարել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները երկկողմ հանդիպումից հետո: Արարատ Միրզոյանը նշեց, որ դրական ուղերձ է համարել դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը և անհրաժեշտ գտել նույնպես դրական արձագանքել:
«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», - ասել է Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում. «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան կա»:
Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հրավերն ընդունելու և ֆորումին մասնակցելու համար: Չավուշօղլուն, իր հերթին, ասել է, որ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական:
«Գիտեք, որ հարաբերությունների կարգավորման համար գործընթաց ենք սկսել: Նախագահ Էրդողանի և Փաշինյանի փոխադարձ դրական ուղերձներից հետո հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք: Բանագնացները երկու հանդիպում ունեցան Մոսկվայում և Վիեննայում: Քննարկել են և շարունակում են քննարկել լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը: Այսօր մենք էլ անդրադարձանք այդ թեմային. Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար ջանքեր ենք գործադրում և բոլոր կողմերից աջակցություն ենք տեսնում այս ջանքերին»:
Չավուշօղլուն նշել է, որ անցած շաբաթավերջին Բաքվում էր, և Ադրբեջանը ևս գոհ է ձեռնարկվող քայլերից ու աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին. «Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը բոլորիս շահերից է բխում, և մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Եվ այս հարցում ևս պարոն Արարատի հետ համակարծիք ենք», - ասել է նա:
Ի դեպ, Միրզոյան-Չավուշօղլու հանդիպմանը ներկա է եղել նաև հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Հանդիպումից առաջ Միրզոյանն ու Քըըլըչը կարճ շփում են ունեցել: Թեև Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ևս հրավիրվել էր ֆորումին, նա Անթալիա չէր մեկնել:
Շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող Հայաստանն ու Թուրքիան այժմ փորձում են բանակցությունների միջոցով կարգավորել խնդիրները։ Արտգործնախարարի Թուրքիա այցին նախորդել են հատուկ բանագնացների երկու հանդիպումները Մոսկվայում և Վիեննայում։ Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը բանակցային գործընթացում առաջին նման մակարդակով շփումն էր: Այս հանդիպմանը դրական է արձագանքել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նա Թվիթերում ողջունել է հայ և թուրք նախարարների հանդիպումը:
Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա: 2009-ին Բուրսա էր մեկնել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։