Հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական և սահմանի վերաբացման վերաբերյալ հայ-թուրքական սպասվող պայմանավորվածությունների ֆոնին՝ Իրանը, վերստին, բարձր մակարդակով հայտարարում է՝ դեմ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանը, իսկ ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունը:
Երեկ Երևանում այս ուղերձները հնչեցրեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ միևնույն ժամանակ, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու Հարավային Կովկասում երկարատև խաղաղությանը։
Շամխանիին ընդունել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս հետ հանդիպմանը, ըստ հայկական կողմի, «հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում»։
«Իրանին մտահոգել է Լավրովի հայտարարությունը»
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն «Ազատությանը» փոխանցեց՝ 44-օրյա պատերազմից հետո և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին չդադարող հայտարարությունների ֆոնին Իրանը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ շփումներում բազմիցս է ընդգծել տարածաշրջանային երկրների սահմանների անխախտելիության պահպանումն՝ այն իր համար բնորոշելով որպես «կարմիր գիծ»։
«Իրանը մտահոգվում էր անցուդարձերից, մանավանդ վերջին շրջանում ռուսական հայտարարությունը, որը եղավ՝ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ արդեն Մինսկի խումբ գոյություն չունի և ամեն ինչ ինքը պետք է անի և ադրբեջանցիք անընդհատ, ժամանակ առ ժամանակ, փոքր և մեծ գործողությունների են դիմում սահմանին և դավադրական քայլերի են դիմում, ինչը որ Իրանի համար մտահոգիչ է, և Շամխանիի ներկայությունը այ էս մտահոգություններին պատասխան տալու հարց է։ Իրանն ուղղակիորեն պատգամ է հղում էսպիսով և՛ ադրբեջանական, և՛ թուրքական և՛ նաև մյուս կողմերին, որ պետք է զգաստանալ և որ Իրանը փոփոխություն չի ընդունում, Շամխանին շատ հստակ ասել է՝ սահմանների փոփոխություն Իրանը չի ընդունելու», - ասաց Մովսես Քեշիշյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում՝ այս հունվարին ու հունիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին շեշտել էր տարածաշրջանում միջազգային սահմանների պահպանման կարևորությունը։