Մատչելիության հղումներ

Լավրովն այսօր այցելում է Բաքու


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Բաքվի հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի իրականացմանը և ռուս - ադրեբջանական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Սա Լավրովի առաջին այցն է Բաքու փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած, ինչպես Բաքուն ու Մոսկվան էին ասում՝ «պատմական» այցից հետո: Ուկրաինայի վրա հարձակվելու նախօրեին Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ ստորագրել էր մի շարք համաձայնագրեր, որոնց համաձայն երկու երկրների միջև հարաբերություններն արդեն դե յուրե հայտարարվում են դաշնակցային։

Մինչև Բաքու մեկնելը Լավրովը եղել է Թեհրանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկել է Իրանի ղեկավարության հետ։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ։

Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ, երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։ Ընդ որում, Լավրովի Ադրբեջան այցի նախօրեին պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ թույլ չի տալու, որ արտաքին ուժերը, այսինքն՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը «խաթարեն Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության վերականգնմանն ուղղված» Մոսկվայի ջանքերը։ Նման հայտարարություն էր արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մոսկվան վստահեցնում է, թե ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ, քան այլ որևէ մեկը, և բոլոր հարթակներից շեշտում է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման մոդերատորի դերը չի պատրաստվում ոչ ոքի զիջել։

Լավրովի իրանյան այցի օրակարգի հիմնական հարցը ռուս-իրանական տնտեսական և քաղաքական համագործակցության խորացումն է եղել աշխարհաքաղաքական նոր իրավիճակում։ Վերլուծաբանները նկատում են, որ Արևմուտք - Ռուսաստան հարաբերությունների այս խորը ճգնաժամի ֆոնին Մոսկվան փորձում է հնարավորինս խորացնել հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։

Երեկ Իրանի նախագահի հետ հանդիպմանը Լավրովն ընդգծել է, որ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Մոսկվան ու Թեհրանը այլընտրանք չունեն և պետք է խորացնեն փոխգործակցությունը՝ այդ պատժամիջոցներին դիմակայելու համար. - «ԱՄՆ-ի և նրա արբանյակների եսակենտրոն գծի բացասական ազդեցությունը կրող բոլոր երկրներն օբյեկտիվ անհրաժեշտություն ունեն իրենց տնտեսական հարաբերությունները վերակազմավորելու այնպես, որ կախված չլինեն մեր արևմտյան գործընկերների քմահաճույքներից»։

Պաշտոնական Թեհրանը նույնպես հայտարարում է, որ պատրաստ է խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում՝ պարենայինից մինչև էներգետիկ։ Ռուսաստանի հետ ծովային սահման ունեցող Իրանը ստեղծված իրավիճակում կարող է չափազանց օգտակար լինել Ռուսաստանի համար։

Մինչև ուկրաինական պատերազմը իրանական կողմը պարբերաբար բողոքում էր, ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների խորացմանը խոչընդոտում են Իրանի դեմ գործող արևմտյան պատժամիջոցները, որոնք հետ են պահում ռուս ներդրողներին։ Այսօր իրավիճակը փոխվել է, և Մոսկվան ու Իրանը կարող են տեղերով փոխվել՝ եթե Իրանն ու Արևմուտքը համաձայնության գան Իրանի միջուկային ծրագրի հարցում։ Այս պահին, սակայն, երկու երկրների դեմ արևմտյան պատժամիջոցները գործում են, և Իրանը հայտարարում է, որ պատրաստակամ է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու հարցում, մասնավորապես՝ պատրաստ է դառնալ երրորդ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքների տրանսպորտային հանգույց։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը իրանցի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո այսօր նաև իր երախտագիտությունն է հայտնել Իրանին Ուկրաինայի շուրջ իրավիճակը «ճիշտ հասկանալու համար»։

Իրանն ու Ռուսաստանն այսօր ակտիվ համագործակցում են նաև Սիրիայում, որտեղ նրանց շահերը համընկնում են. երկուսն էլ դեմ են արտահայտվում Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողություններ սկսելու նախագահ Էրդողանի ծրագրին։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օրերս ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման։

Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է խզվել կապը իրենց համանախագահի հետ։ Մինչդեռ օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը:

Մոսկվան վստահեցնում է, թե «ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ, քան այլ որևէ մեկը», և բոլոր հարթակներից շեշտում է, թե Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման մոդերատորի դերը չի պատրաստվում ոչ ոքի զիջել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG